«Երկիր», 1993թ., 11 մարտի, 44 (385)
Մարտի 9-ի երեկոյան Ստեփանակերտ է վերադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը, որը մասնակցել էր ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի Հռոմի հանդիպմանը։ Մարտի 10-ին պատվիրակության ղեկավար, ԼՂՀ փոխվարչապետ Բ. Առուշանյանը հաշվետվություն է ներկայացրել Հռոմում կատարած աշխատանքի վերաբերյալ։ «Հռոմում ստորագրված փաստաթուղթը պարտվողական է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար եւ չի համապատասխանում նրա բնակչության ակնկալիքներին», – «Հայլուր» գործակալությանը հայտնել է ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեւոն Մելիք-Շահնազարյանը։ «Կարծում եմ, որ հանրապետության Գերագույն խորհրդի առաջիկա նստաշրջանում այդ փաստաթուղթը չի վավերացվի», – ավելացրել է նա։
Նշենք, որ ԼՂՀ պատվիրակությունն այս անգամ եւս Հռոմ էր մեկնել նորացված կազմով։ Փոխվարչապետ Բ. Առուշանյանից եւ ԼՂՀ ԳԽ նախագահության անդամ Հ. Խաչատրյանից բացի, պատվիրակության կազմում ընդգրկվել էր հանրապետության ՊՊԿ-ի նախագահի խորհրդական Ա. Ղուկասյանը։