November 28, 2024

Հռոմի ժողովը առանց Հայաստանի և Ադրբեջանի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 6, ուրբաթ, 1993թ.

Թուրքիան պահանջում է խիստ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ

Օգոստոսի 4-5-ին Հռոմում անցկացվեց Մինսկի խմբի երկրների հերթական հանդիպումը, որի օրակարգում քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում ԵԱՀԽ դիտորդների տեղակայման և այլ տեխնիկական հարցեր: Հայտնի էր նաև, որ ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի նամակը պետք է հատուկ քննարկման առարկա դառնա:

Եվ դեռ չէին հրապարակվել այդ քննարկման արդյունքները, երբ պարոն Բաբուրյանը մի նոր նամակ հղեց Մինսկի խմբի նախագահին, որում հանգամանորեն տալով Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատկերը, ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ Մարիո Ռաֆայելլին  պարզաբանումներ կտա իր դիրքորոշման կապակցությամբ: Մինչ այդ օգոստոսի 4-ի երեկոյան ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի փոխնախագահի Մարիո Սիկայի հետ: Դիվանագետները հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԵԱՀԽ նախագահի առաջարկով Հռոմի խորհրդաժողովի Հայաստանի ներկայացուցչի մասնակցության հարցը:

Հայտնի է, որ մինչև այժմ այդ հանդիպումներն անցնում են առանց հայ և ադրբեջանցի դիվանագետների մասնակցության:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվության միջոցները տարածել են Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից Հեյդար Ալիևին հայտնած այն լուրը, թե ինքը բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հետ և ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին, որում Թուրքիան պահանջում է խիստ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ: Ընդ որում Թուրքիան պատրաստակամություն է հայտնել այդ հարցում համագործակցել ոչ միայն Ֆրանսիայի և Ռուսաստանի, այլև ՄԱԿ-ի ու ԵԱՀԽ-ի հետ:

Ուստի հավանական է, որ Հռոմում հանդիպման ժամանակ, ուր  չկա Հայաստանի և Ղարաբաղի շահերը պաշտպանող որևէ անձ, դժվար թե ընդունվի մի այնպիսի որոշում, որը կարողանա բավարարել հայկական կողմին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives