«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)
ԵԱՀԽ-ի հովանու տակ Լեռնային Ղարաբաղի հարցով հռոմյան հերթական բանակցությունների արդյունքները իբրեւ «հուսադրող» է բնորոշել ԼՂՀ պատվիրակության անդամ, ԼՂՀ ԳԽ մանդատային հանձնաժողովի նախագահ Հրանտ Խաչատրյանը։ «Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս նա ասել է, որ «ըստ էության կատարված է տարածաշրջանում հրադադարի հասնելու առաջին քայլը»։ Խաչատրյանի խոսքերով, ադրբեջանական կողմի հրաժարվելը անցյալում առաջ քաշված նախնական պայմաններից՝ հանդիպման մասնակիցներին մի շարք նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց, որոնք կարող են օժանդակել հետագա արյունահեղությունը դադարեցնելու կառուցողական գործընթացին։
Այսպես, հավանություն է տրվել ԵԱՀԽ դիտորդների առաջավոր խմբի մանդատային դրույթների նախագծին, որը Լեռնային Ղարաբաղի հարցերով խորհրդակցությունների քննարկման շրջանակներում զինված հակամարտության խաղաղ, ամբողջական լուծում գտնելու բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակ է հետապնդում։ Ինչ վերաբերում է Մինսկում նախատեսվող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ այդ հարցը Հռոմում չի քննարկվել։ Սակայն, ինչպես նշել է Խաչատրյանը, վկայակոչելով հանդիպումը նախագահող Մարիո Սիկայի խոսքերը, տվյալ հարցը Մինսկի խմբի մասնակիցների տեսադաշտում է եւ քննության է առնվելու նախապատրաստական բանակցությունների հետագա փուլերում։