– Շուշիի գրավումը հակասական տրամադրություններ է առաջացրել՝ ազգային հպարտության զգացում և անհանգստություն: Առայժմ չի տրվել որևէ լուրջ գնահատական: Ինչպե՞ս եք Դուք գնահատում Արցախում կատարվող իրադարձությունները:
-Գոյություն ունի տեսակետ, որ Ղարաբաղն իր գրեթե անլուծելի հարցերով խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տնտեսական զարգացմանը, այլև նույնիսկ գոյատևմանը: Ըստ այդ տեսակետի, միակ հնարավոր լուծումը «լավ» ինքնավարության պայմաններով Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ թողնելն է: Չնայած այդպես պնդողները հասկանում են, որ Ղարաբաղը շատ արագ կհայաթափվի: Մի մասն այդպես է մտածում՝ հավանաբար վախենալով անկանխատեսելի պայքարի մեջ կորցնել այն փափուկ աթոռները, որոնք իրենք զբաղեցնում են: Մի ուրիշ մասի համար անկեղծորեն դա մտահոգիչ հարց է՝ կապված մեր ժողովրդի գոյատևման հետ: Այսպես մտածողներին Շուշիի ազատագրումն, իհարկե, ուրախություն չպատճառեց, բայց իրականում միգուցե ավելի մտահոգիչ էր, քան ուրախալի:
Ժողովրդի զգալի մասն այդպիսի «նուրբ» դատողություններ չի անում և ուրախանում է, ինչպես յուրայինի ցանկացած հաղթանակի համար կուրախանար: Շատ քչերը գիտակցեցին, որ Շուշիի ազատագրումը շրջադարձային կետ է մեր ժողովրդի պատմության մեջ, և որ այդ հաղթանակն է ապահովելու ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր ողջ ժողովրդի գոյատևումը: Գորբաչովը Ղարաբաղի հարցի մասին խոսելիս ասում էր, որ չպետք է լինեն հաղթող և պարտվող կողմեր: Իրականում այդպես չի լինում: Սա միայն տարածքի, 200000 հայի կամ պատմական արդարության հարց չէ: Հարցն արդեն բարձրացված է: Կորցնելով Ղարաբաղը (շատ հավանական է, որ դա հանգեցներ նաև Զանգեզուրի կորստին), մեր ժողովուրդը կկորցներ հավատը ազգի ապագայի նկատմամբ, կհուսահատվեր, կբարոյալքվեր: Բոլորը և, որ շատ կարևոր է, մեր հարևանները արհամարհանքով կվերաբերվեին մեզ, մենք կդառնայինք անպաշտպան: Հաղթանակը բերում է ամեն ինչ, այդ թվում նաև հարգանք մյուս ազգերի կողմից և պաշտպանվածություն: Խոջալուն և Շուշին ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ մենք իրավունք ունենք գոյատևելու և հզորանալու:
Սրանք գեղեցիկ խոսքեր չեն, այդպիսի գնահատականներն են մտնում քաղաքական հաշվարկների մեջ: Սա հարցի մի կողմն է. մյուսը՝ Շուշի քաղաքը մեր ժողովրդի պատմության մեջ յուրահատուկ դեր է խաղացել և մեծ ուրախություն է, որ Շուշին հիմա նորից մերն է: Ես չեմ հիշում, որ վերջին հարյուրամյակներում մենք որևէ քաղաք պատերազմելով հետ նվաճած լինենք: Անընդհատ կորուստներ ենք ունեցել, և սա« փաստորեն« մեր առաջին խոշոր հաղթանակն է:
Այնուամենայնիվ, որքան էլ դժվար պայմաններում ենք հիմա ապրում, մեր ժողովուրդը պետք է ուրախությամբ և հպարտությամբ տոներ Շուշիի ազատագրումը: Ես հիշում եմ, թե ինչպես էր ժողովուրդը տոնում Տիգրան Պետրոսյանի կամ «Արարատ» թիմի հաղթանակը: Ամբողջ ժողովուրդը փողոց էր դուրս գալիս: Եվ հիմա ինձ համար անհասկանալի է, թե այսպիսի կարևորագույն հաղթանակն ինչու չի նշվում ազգովի:
-Կարելի՞ է Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ես նկատի ունեմ Հանրապետության հռչակումից մինչև Շուշիի ազատագրումը, համարել 1988 թվականին սկսված ղարաբաղյան շարժման օրգանական շարունակությունը:
– Ղարաբաղյան շարժման ժամանակ գաղափարների պակաս չի զգացվել: Պատերազմի հարցը, Արցախը, անկախության հարցը և այն ամենը, ինչը մենք հիմա տեսնում ենք, առաջարկվել և քննարկվել են դեռ 1988թ. փետրվար-մարտ ամիսներին, բայց ամեն ինչ կարելի է անել այն ժամանակ, երբ դա կարելի է անել: Օրինակ, Ղարաբաղի անկախության հարցը քննարկվում էր 1988-ին Ազատության հրապարակում, առաջարկվում էր թռուցիկներ տարածել, բայց այն ժամանակ այդ գաղափարն իրականացնել ոչ միայն անկարելի էր, այլև ընդունելի չէր լինի հենց Ղարաբաղի ժողովրդի կողմից: Այն ժամանակ չկար անկախության անհրաժեշտության խոր գիտակցումը: Նույն կերպ անիմաստ էր այն ժամանակ մտածել Ադրբեջանի հետ պատերազմելու մասին: Այդպիսի առաջարկություններ էլ են եղել և քննարկվել: Առավել ևս անիմաստ էր դա միութենական կայուն բանակի գոյության պայմաններում: Ղարաբաղյան շարժումն՝ իր ներքին տրամաբանությամբ, ամեն անգամ իրականացնելով այն, ինչ հնարավոր էր, հասավ այս փուլին, և սխալ է մտածել, որ առանց նախորդ փուլն ավարտելու՝ կարելի էր անցնել հաջորդին: Չեմ ուզում ասել, թե ղարաբաղյան շարժումը վրիպումներ չի ունեցել: Ունեցել է, ունեցել է նաև սխալներ, բայց գործողությունները հիմնականում համապատասխանեցված են եղել տվյալ պահին գոյություն ունեցող հնարավորություններին:
Այսուհանդերձ Շուշիի ազատագրման համար մենք առաջին հերթին պարտական ենք հենց իրենց՝ ղարաբաղցիներին, մեր մարտիկներին, զորավարներին, պետական, կուսակցական կառույցներին, առանց որոնց հնարավոր չէր հաղթանակը: Բայց պետք է հիշել, որ այդ հաղթանակն ապահովված էր նաև մեր ժողովրդի նախորդ տարիների մղած պայքարով, և մենք բոլորս մաս ունենք այդ հաղթանակում: Փորձը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը հաջողությունների կարող է հասնել, երբ ազգային գաղափարախոսությամբ տոգորված՝ իր գործունեության մեջ հենվում է շարժման ընթացքում ձևավորված քաղաքական աքսիոմների վրա: Ի վերջո պատահական չէ, որ հաջողություններ եղան այն ժամանակ, երբ արցախահայությունը, հույսն ուրիշներից կտրելով, սկսեց ինքնուրույն լուծել իր հարցերը:
-Ի՞նչ եք կարծում, հնարավոր կլինի՞ այժմ ձեռք բերված հաղթանակը պահել, և ընդհանրապես ի՞նչ է մեզ սպասում ապագայում:
– Շուշիի գրավումով և Լաչինի միջանցքը բացելով՝ Ղարաբաղն իսկապես դարձավ ինքնուրույն հայկական պետություն և այդ փաստի հետ ստիպված պետք է հաշվի նստեն բոլորը: Ադրբեջանն, իհարկե, դեռ երկար չի հաշտվի այդ մտքին՝ փորձելով ժամանակ առ ժամանակ պատերազմական գործողություններ ծավալելով, ետ վերցնել Ղարաբաղը: Հաշվի առնելով Ադրբեջանի և Ղարաբաղի կարողությունների հարաբերությունը` Հայաստանն այդ ամբողջ ժամանակահատվածում պետք է նեցուկ լինի Ղարաբաղին, պատրաստ, որքան էլ դա անցանկալի լինի, հարկ եղած դեպքում ռազմական գործողություններ ծավալել անգամ մեր հանրապետության սահմաններում:
Ռուսաստանը, զբաղված լինելով իր ներքին հարցերով, առայժմ գրեթե չի միջամտում Այսրկովկասի գործերին, բայց կամաց-կամաց այդ վիճակը փոխվում է. Ռուսաստանը, նորից ոտքի կանգնելով, ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնելու այն իրադարձություններին, որոնք կատարվում են այստեղ: Ռուսաստանի շահերն են՝ ապահովել ուժային հաշվեկշիռը, այսինքն՝ թույլ չտալ, որ երեք հանրապետություններից մեկը շատ հզորանա, և թույլ չտալ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Այսրկովկասում: Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը հաշտվել է արցախյան վերջին իրադարձությունների հետ, և դա իր համար ուժերի ընդունելի հաշվեկշիռ է:
Եթե մենք Թուրքիայի կամ Նախիջևանի սահմաններում արհեստական միջադեպ չստեղծենք, ապա մոտ ժամանակներում Թուրքիայի ռազմական միջամտությունը գրեթե բացառվում է: Հետագայում դա կախված կլինի մեր վարած քաղաքականությունից: Շատ վտանգավոր կլինի, եթե մենք չվարենք հավասարակշռված քաղաքականություն՝ միարժեք մտնելով հակաթուրքական կոալիցիաների մեջ, Թուրքիայի կողմից ընդունվելով որպես թշնամի, որպես վտանգավոր գործիք իր ավելի հզոր թշնամիների ձեռքին: Կարճ ժամանակում, ինչպես դա տեղի ունեցավ դարասկզբին, համաշխարհային քաղաքական վիճակը կարող է կտրուկ փոխվել, և մեզ համար գրեթե անհնարին կդառնա այդ պայմաններում, այդ կարճ ժամանակահատվածում ապահովել մեր պետության գոյությունը:
Բայց ինչպիսի հավասարակշռված քաղաքականություն էլ վարվի Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի հետ, միևնույն է, միայն արտաքին երաշխիքները բավական չեն մեր պետության գոյատևման և բարգավաճման համար: Մեր պետությունը պետք է լինի բավական ռազմականացված, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրա պաշտպանությունը: Ժողովուրդը պետք է համախմբված լինի ազգային մտածողության, ազգային արժեքների շուրջ« իշխանությունները՝ անձնազոհության, բարոյականության և պատասխանատվության օրինակ ծառայեն ժողովրդին: Միայն այդ պայմանների իրականացմամբ, ստեղծելով բարգավաճող ազգային պետություն, կարելի կլինի պահպանել և բազմապատկել այն, ինչ որ մենք ունենք:
Վ. Մանուկյանի հետ հարցազրույցը վարեց` Տիգրան Պասկևիչյանը, «Երկիր»,1992թ., մայիսի 13
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.