«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 232 (321)
Երեկ ՀՀ վարչապետը կոչով դիմել է աշխարհի պետությունների կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, ուր ասվում է. «Վերջին ժամանակներս, սկսվող չափազանց խիստ ձմռան պայմաններում, շահարկելով Հյուսիսային Կովկասի իրադրության սրումը և, հետևաբար, Վրաստանի աճող կախվածությունը էներգառեսուրսների ադրբեջանական աղբյուրներից, Բաքվի ղեկավարությունն անսքող փորձեր է ձեռնարկում ստիպել Վրաստանին դադարեցնել իր տարածքով Հայսատան կատարվող բոլոր բեռնափոխադրումները, և, առաջին հերթին, էներգառեսուրսների առաքումները: Հաշվի առնելով, որ Հայաստանն արդեն չորրորդ տարին է, ինչ ենթարկվում է տրանսպորտային և էներգետիկ շրջափակման Ադրբեջանի տարածքից, արտաքին աշխարհի հետ մեր հանրապետության հաղորդակցման ուղիները այդպիսով բացարձակապես ընդհատվում են:
Արդյունքում հանրապետության էներգետիկ վիճակն այսօր կրիտիկական է դարձել: Խիստ սահմանափակված է ջրամատակարարումը, փակվում են կենցաղ-սպասարկման հիմնարկները: Կանգ են առել արդյունաբերական ձեռնարկությունները, շինարարական համալիրը, այդ թվում՝ երկրաշարժի գոտում: Հսկայական վնաս է կրում գյուղատնտեսությունը:
Հացահատիկի ներմուծման խիստ սահմանափակման պատճառով մտցված է հացի բաշխման կտրոնային համակարգ:
Սոցիալական լարվածությունը հանրապետությունում հասել է վտանգավոր աստիճանի և փորձում է դառնալ անկառավարելի:
Իրավիճակը գնալով վատթարանում է և հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:
Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները կոպտորեն խախտում են Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրների տնտեսական իրավունքների և պարտականությունների մասին 1974 թվականի դեկտեմբերի 12-ի բանաձևը, Ադրբեջանական Հանրապետության կողմից Հայաստանի շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1992թ. հոկտեմբերի 12-ի հայտարարությունը, Հելսինկի 1975-ի Եզրափակիչ ակտը, սույն թվի հուլիսին ընդունված ԵԱՀԽ-ի Հելսինկյան Հռչակագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների խնդրանքով՝ դատապարտել Ադրբեջանի նման քաղաքականությունը և անհապաղ միջամտել, կանխելու Հայաստանի երիտասարդական ժողովրդավարական պետության և ամբողջ տարածաշրջանի համար կործանարար գործընթացը»: