«Երկիր», 26 օգոստոսի, 1993թ., թիվ 161 (502)
Օգոստոսի 24-ին Աշգաբադում կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով Արցախյան հիմնահարցի լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հավաստեց հիմնահարցի կարգավորումը ԵԱՀԽ-ի հաշտարար գործընթացի շրջանակներում իրականացնելու իր քաղաքական կուրսի անփոփոխությունը։ Բայցեւայնպես, հայտնելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն դրականորեն են արձագանքել ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի երկրների՝ հակամարտող կողմերին օգոստոսի 13–ին Հոոմում ներկայացրած կրակի դադարեցման անհապաղ միջոցառումների նոր ժամանակացույցին, իսկ Լեռնային Ղարաբաղը, նախնական համաձայնություն տալով, առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, նախագահը մատնանշեց այդ փաստաթղթի մի շարք թերություններ։
ԼՂ իշխանությունների առաջ քաշած նախապայմանները համարելով «շատ արդարացված»՝ նա ընդգծեց. «Այդ պլանը պայման է դնում ղարաբաղյան զորքերի դուրսբերումը վերջերս գրավված տարածքներից, բայց դրա փոխարեն չի ապահովում կրակի դադարեցման ամբողջական երաշխիքներ»։ Բացի այդ, նախագահը մտահոգություն հայտնեց Ադրբեջանում իշխանությունների անընդհատ փոփոխությունների կապակցությամբ։ «Դրանք վստահություն չեն տալիս, որ Ադրբեջանում իշխանության գլուխ գտնվում են մարդիկ, որոնք կարող են կատարել իրենց պարտավորությունները։ Դժբախտաբար առայժմ Ադրբեջանի այժմյան իշխանություններին եւս չի հաջողվում լիովին վերահսկել իրավիճակը Ադրբեջանում։
Այդ հանգամանքը եւս շատ մեծ լրացուցիչ դժվարությաններ է ստեղծում պլանի (օգոստոսի 13-ի ժամանակացույց) իրականացման համար»,– պարզաբանեց ՀՀ նախագահը։
Ն.Բ.