«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)
Օգոստոսի 8-ին ադրբեջանական զինված կազմավորումների կողմից ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղի գրավման, ինչպես նաեւ նույն օրը ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռով Հայաստանի Հանրապետության օդային տարածքի խախտման եւ Հայաստանի Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի աննախադեպ ռմբակոծման (որի հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, հարյուրավորներ մնացել անօթեւան) կապակցությամբ օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունը Հայաստանի կառավարության եւ ժողովրդի անունից վճռական բողոք է հայտնում Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների սրման կապակցությամբ… Ադրբեջանի հերթական ագրեսիան ոտնահարում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը եւ ապացուցում, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով», նշվում է նոտայում։
Բողոքի նոտայի վերջում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքային ամբողջականության եւ իր քաղաքացիների անվտանգության ապահովման համար։