November 27, 2024

ՀՀ Արտաքին գործոց նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)

ՀՀ արտաքին գործոց նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատերազմական վերջին իրադարձությունների, մասնավորապես Ստեփանակերտի հուժկու հրետակոծման եւ ՀՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղի վրա ադրբեջանցիների հարձակման կապակցությամբ, օգոստոսի 7-ին հանդես է եկել հայտարարությամբ.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունը բազմիցս հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կառուցողական առաջարկություններով, ինչպես հայ-ադրբեջանական հարարերությունների մակարդակով, այնպես էլ այլ պետությունների, նաեւ ԱՊՀ-ի ու ԵԱՀԽ–ի միջնորդական նախաձեռնությունների շրջանակներում, հայտարարել է կրակի դադարեցմանն ուղղված ցանկացած մակարդակով բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Մինչդեռ մեր նախաձեռնությունները արձագանք չեն ստացել Ադրբեջանի կողմից, որը հակված է մարտական գործողությունների հետագա ծավալմանը։

Վերջերս Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ա. Էլչիբեյը հանդես եկավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գոտի ստեղծելու առաջարկությամբ։ Հայկական կողմը, պաշտպանելով առաջարկությունը, անմիջապես ձեռնամուխ եղավ բանակցությունների գործընթացին։ Օրերս, Նախիջեւանի Հանրապետության Սադարակ քաղաքում կայացավ երկու հանրապետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Արարատ-Սադարակ խաղաղության գոտու ստեղծմանն առնչվող որոշակի հարցեր։ Հաջորդ հանդիպումը պետք է կայանա օգոստոսի 8-ին։ Հայկական կողմը նախապատրաստական աշխատանքներ է տանում նաեւ խաղաղության այլ գոտիներ ստեղծելու եւ բանակցող խմբեր կազմավորելու ուղղությամբ։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունը Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարությանը աււաջարկել է ներգրավվել այդ գործընթացին եւ պայմանավորվածություն ձեռք բերել փոխնախարարների մակարդակով հանդիպման շուրջ, սակայն ադրբեջանական կողմից պատասխան չի ստացվել։

Օգոստոսի 5-ին Մոսկվայում կայացել է Դաշնակցային Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Ա. Կոզիրեւի եւ ՀՀ արտաքին գործոց նախարար Ր. Հովհաննիսյանի հանդիպումը, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Ռուսաստանի նոր նախաձեռնության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

Սակայն, իրադարձությունների հետագա ընթացքը հավաստում է, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած «խաղաղ» նախաձեռնությունները սոսկ քարոզչական բնույթ ունեն եւ սկզբնավորում են հակամարտության սրման նոր փուլ։ Այսպես, օգոստոսի լույս 6-ի գիշերը «Գրադ» կայանքներից հուժկու հրետակոծման են ենթարկվել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերը, որի հետեւանքով զոհվել են 26, վիրավորվել՝ 60 խաղաղ բնակիչներ, զգալի ավերածությունների են ենթարկվել քաղաքի բնակելի թաղամասերը։ Օգոստոսի 7-ին ադրբեջանական զինյալ ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են վերսկսել Մարտակերտի շրջանում։ Չնայած հայկական կողմի բազմակի դիմումներին, չեն դադարում Ադրբեջանին սահանակից Հայաստանի բնակավայրերի բարբարոսական գնդակոծումները։ Լիակատար շրջափակման մեջ է եւ մշտական հրետա-հրթիռակոծման է ենթարկվում Հայաստանի Հանրապետության Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղը։ Ադրբեջանական կողմի նման գործողությունները ամենեւին էլ չեն հետապնդում ռազմական նպատակներ եւ չեն կարող հանգեցնել դիրքային առավելության։ Դրանց նպատակը խաղաղ ազգաբնակչության ոչնչացումն է։ Մարդկանց, այդ թվում՝ երեխաների եւ կանանց զոհվելը, սահմանամերձ հայկական բնակավայրերի ավերումը անխուսափելի են դարձնում պատասխան գործողությունների ձեռնարկումը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարությունը վճռականորեն դատապարտում է հերթական ադրբեջանական հարձակումը, պահանջում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում եւ հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետության նմանօրինակ գործողությունները չեն խոսում ադրբեջանական իշխանությունների խաղաղ ձգտումների մասին եւ հազիվ թե նպաստեն ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Ռազմական առճակատման սրման եւ կրակի դադարեցմանն ու խաղաղության գոտիների ստեղծմանն ուղղված բանակցությունների գործընթացի տապալման պատասխանատվությունն ամբողջովին կրում է ադրբեջանական կողմը»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives