November 28, 2024

ՀՀՇ նախագահը լուսաբանում է

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ազգ, 3 ապրիլի, 1991թ., թիվ 14

Մարտի 30-ին կայացավ ՀՀՇ վարչության մամլո ասուլիսը, որին մասնակցում էին վարչության նախագահ Վ. Սիրադեղյանը, վարչության անդամներ՝ Շ. Քոչարյանը, Հ. Գալստյանը, Բ. Արարքցյանը։ Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք մարտի 23-ի հանրահավաքում Վ. Սիրադեղյանի այն հայտարարությանը, ուր նա դիկտատուրայի կոչ էր անում։ Մեր թղթակից Գուրգեն Խաժակյանը խնդրեց պարզաբանումներ տալ։

Վ. Սիրադեղյան. — Էլի առաջարկներ էին եղել, որ վարչությունը հայտարարությամբ հանդես գա և հրաժարվի նախագահի խոսքերից, կամ պարզաբանում մտցնի։ Դրա կարիքը վարչությունը չի զգացել, թե չէ մինչև հիմա հանդես եկած կլիներ։ Ասեմ, թե ինչի մասին է խոսք եղել։ Բառացիորեն ասվել է, որ եթե հիմա խորհրդարանի դեմ գնում է վարկաբեկիչ պայքար, եթե քաղաքական որոշ հոսանքներ, խմբեր կամ անհատներ չեն ընդունում ժողովրդավարական հաստատությունները ու դրանց դեմ են գնում, թուլացնում պառլամենտը, դրանով նրանք նպաստում են, որ գործադիր իշխանությունը (իսկ հիմա ՀՀՇ-ն է իշխանության գլուխ) գնան դեպի դիկտատուրա։ Բայց մենք դա չենք ուզում, ինչի մասին ես հայտարարել եմ։ Եվ եթե Հայաստանում այդպիսի բան պատահի, ապա մեղավոր կլինեն այն ուժերը, որոնք գնում են խորհրդարանի, ժողովրդավարական հաստատությունների դեմ։ Համարել եմ, որ հակապառլամենտական այդպիսի մեծ պայքարի հավանական ելքը կարող է դրան հանգեցնել։

Վանո Սիրադեղյան

Ես չեմ հավատում, որ այդպիսի ուժեր կան, ասվածը քիչ հավանական, բայց հնարավոր տարբերակ է։ Կրկնում եմ, եթե այդ ուժերի գործունեության շնորհիվ խորհրդարանն այլևս չլինի, չգործի, ապա կգործի գործադիր իշխանությունը, իսկ դա ինքնին դիկտատուրա է։ Անձամբ ես չէի ուզի այդպիսի բան, որովհետև իմ ամբողջ կյանքում երազել եմ ժողովրդավարական Հայաստան։ Շարժմանը մասնակցած այս երեք տարիներին աշխատել եմ ամեն ինչ անել, որ խորհրդարանը ժողովուրդը ընտրի և այն ընտրվել է։ Ես մեծ վախ ունեմ, որ գործադիր մարմինների ձեռքում իշխանության կենտրոնացում լինի, որովհետև և ժողովուրդն է իներցիայով դա այդպես ընկալում, և կառավարման այս խորհրդային համակարգն է նպաստում դրան։ Եվ եթե խորհրդարանը, նույնիսկ այս նորմալ ճանապարհով գնալով, իր վերահսկողական ֆունկցիան կատարել գրեթե չի կարողանում, որովհետև լծակներ չունի գործադիր մարմինների վրա լավ ազդելու ու եթե այդ պայմաններում, երբ գործադիր մարմինների կողմից իշխանությունը կենտրոնացնելու միտում կա, փողոց են դուրս գալիս, շենքեր գրավում, խորհրդարանին վարկաբեկում թե՛ մամուլով, թե՛ հրապարակայնորեն, ապա դրանով նպաստում են գործադիր իշխանությունների ուժեղացմանը, ինչը արդեն դիկտատուրա է։ Դա կարող է լինել մի հոգու կամ կոլեկտիվ դիկտատուրա, բայց ամեն դեպքում խոսքը գնում է պետական գործադիր իշխանությունների մասին։

Գ. Խաժակյան. — Ժողովրդի մեջ խոսակցություններ են գնում, ոմանք էլ արդեն գոհունակությամբ ձեռքերն են շփում, թե իբր ժողովրդավարական տարբեր ուժերի միջև պառակտում կա։ Կուզենայի լսել Ձեր կարծիքը այդ մասին։

Վ. Սիրադեղյան. — Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, ապա ես այնպիսի տպավորություն չունեմ, որ ԱԻՄ-ը և ՀՀՇ-ն երբևէ մեկ ճակատ են կազմել, մի ընդհանուր գիծ են ունեցել, չնայած ընտրություններից առաջ կարծես թե այդպես էր։ Համենայնդեպս, նրանք ժողովրդավարական ուժերի մեր հրապարակած ցուցակով ընտրվեցին։ Փաստորեն, խորհրդարանի ընտրությունները կուսակցական համակարգով եղան՝ կոմունիստական և ՀՀՇ, բայց ընտրվելուց հետո տարանջատվեցին չորս, հինգ կուսակցական խմբեր։

Այդպիսի ընդհանուր ճակատ չի եղել. ԱԻՄ-ը միշտ ունեցել է իր անհամբեր գիծը, ՀՀՇ-ն՝ իր, որը Եվրոպայում անվանում են «հանգիստ ուժ», պետականության հաստատման գիծը և հիմա էլ սկզբունքին է մնում։ ԱԻՄ-ը երբեք աչքի չի ընկել համբերությամբ, սառնասրտությամբ և ողջախոհությամբ։ Հիմա էլ պարզապես շարունակում են այն գործը, ինչ որ անում էին ընտրություններից առաջ և ընտրություններից հետո։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives