November 27, 2024

Հինն ու նորը Ադրբեջանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Երկիր», 7 սեպտեմբերի, 1993թ., թիվ 169(510), երեքշաբթի

Ադրբեջանում հանրաքվեի արդյունքն արտաքուստ գուցե այնքան էլ գեղեցիկ չէր, բայց առնվազն համոզիչ էր և նույնքան «անսպասելի», որքան ստալինյան հանգով սերտած մի դաս: Ըստ պաշտոնական հաշվարկի, քվեարկողների 97 տոկոսը օրինական համարեց նախկին համայնավար առաջնորդ Հեյդար Ալիևի հափշտակած իշխանությունը:

Հանրաքվեի լուսաբանման ընթացքում պարզ երևաց պատերազմից մինչև կոկորդը զզված ժողովրդի վիճակը, որը պատրաստ է ցանկացած պահի դեն նետել անհաջողակ քաղաքական ղեկավարության լուծը: Անկասկած, Ադրբեջանի կրած պարտությունը ցավալի էր, և, իհարկե, շատ մեղավոր էր Էլչիբեյը: Բայց 97 տոկոսո՞վ:

Այդ արդյունքը պատահական չէր: «Քվեարկության ընթացքում խախտումներ են կատարվել, զանգվածային խախտումներ»,– հայտնում են հանրաքվեի «խոհանոցին» ծանոթ անձինք: Լեռնային Ղարաբաղն, իհարկե, քվեարկությանը չի մասնակցել: Չի մասնակցել նաև Նախիջևանի մեծ մասը՝ Օրդուբադի և Ջուլֆայի շրջանները: Փոխարենը մյուս շրջանները լրացրել են այդ պակասը. օրինակ՝ Իմմիշլիի շրջանում քվեարկել է ընտրողների թվի 101 տոկոսը և, բնականաբար, Ալիևի օգտին: Որոշ վայրերում ոստիկանությունը ընդհատում էր դանդաղ ընթացող ընտրությունները և ընտրական տեղամասի պատասխանատուներին որոշ ժամանակով քվեատուփերից հեռացնում: Հետագայում պարզվում էր, որ նրանց բացակայությամբ ավելանում էր Ալիևի օգտին լրացված թերթիկների թիվը: Դժվար է ճիշտ հաշվել հանրաքվեի մասնակիցներին, քանի որ Էլչիբեյի կողմնակիցներն այդպես էլ քվեախցիկներին մոտ չեկան: Եթե սա ժողովրդավարություն է, ապա խորհրդային ժողովրդավարությունն է՝ վերածնված:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը չեղյալ է հայտարարել քվեարկությունը և հայտարարել, որ շարունակում է օրինական նախագահ համարել Էլչիբեյին: Նման վերաբերմունքը լիովին արդարացված է:

Սակայն այդ դիրքորոշումը անխուսափելիորեն կբարդացնի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները: Ակներևաբար, Ալիևը Ռուսաստանի կառավարության ազգայնական ուժերի աջակցությունն է վայելում, իսկ նրանք, գաղտնիք չէ, ջանում են ռազմական ու քաղաքական միջոցներով վերականգնել նախկին Միության հին կապանքները: Ամենայն հավանականությամբ, Ալիևը կընդունի ԱՊՀ-ին անդամակցելու առաջարկը: Փոքր վարձատրության դիմաց ռուսները պատրաստ են «խաղաղապահ» զորք տեղակայել Ադրբեջանի իրանական սահմանի երկայնքով: Մամուլից տեղեկանում ենք, որ Քլինթոնի վարչակարգի դեռևս չհրապարակած «թիվ 13 հրահանգը» առաջարկում է Ռուսաստանի և մյուս հանրապետությունների հարաբերությունները կարգավորել տարածաշրջանային հարցերի նորաստեղծ գրասենյակի միջոցով, որի Սթրոուբ Թելբոթն էմ պատասխանատուն՝ Մոսկվայի դեսպանատան առաջին քարտուղար Ջեյմս Քոլինզը: Ինչ վերաբերում է խաղաղարար ուժերի տեղակայմանը, ապա Ռուսաստանի կառավարությունը պարզորոշ ցույց է տվել, որ ՄԱԿ-ի բազմազգ զինուժին նախկին Միության տարածքում գրկաբաց չեն ընդունում: Զուր չէր նախագահ Քլինթոնը ակնարկում, թե ռուսների ու նրանց հարևանների միջև ամերիկյան ուժեր ներարկելը լավ արդյունքի չի բերի: Բայց մի բան պետք է պարզ լինի. եթե Ռուսաստանը մեզանից օգնություն է ակնկալում՝ չպետք է դիպչի հանրապետությունների անկախությանը:

«Վաշինգթոն Թայմս», խմբագրական

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives