Ազգային բանակի կազմավորումը մեկ քայլանոց գործողություն չէր: Շարժման ժամանակ, երբ զինված ընդհարումներ սկսվեցին Ղարաբաղում և հանրապետության սահմանների վրա, Հայաստանում թե՛ կազմակերպված, թե՛ ինքնաբուխ կերպով առաջացան ֆիդայական երկրապահ ջոկատներ: Երբ շարժումը 1990 թվականին եկավ իշխանության, պարզ էր, որ տարբեր կազմակերպությունների ու տարբեր անհատների ենթարկվող զինված խմբերը քաղաքական լուրջ վտանգ էին ներկայացնում: Նախնական շրջանում ընդհանուր ղեկավարման կենտրոն ստեղծելու բոլոր փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Այդ ջոկատներում հիմնականում հավաքված էին հայրենասեր և ազնիվ տղաներ: Խնդիր դրվեց վերացնել ջոկատները, բայց այդ մարդկանց ներգրավել պետական կառույցներում: Այդ ժամանակ մենք Խորհրդային Միության կազմում էինք, և հայտարարել, թե ստեղծվում է հայկական բանակ, իրատեսական խնդիր չէր: Մենք գնացինք ուրիշ ճանապարհով: Ես՝ որպես վարչապետ, հրաման տվեցի ներքին գործերի նախարարությունում ստեղծել համապատասխան ստորաբաժանում, որը դարձավ ապագա բանակի սաղմը:
Երբ 1991-ի գարնանը սկսվեցին հայտնի դեպքերը Գետաշենում, Շահումյանում, Ղարաբաղում և Հայաստանի սահմաններում, պետությունը կոչ արեց, և ջոկատները վերաստեղծվեցին ու մտան միասնական շտաբի ենթակայության տակ: Նույն ժամանակ ստեղծվեց Պաշտպանության կոմիտե, որը Խորհրդային Միությունում երրորդն էր Ռուսաստանից և Ուկրաինայից հետո: Այդ վիճակը բավական երկար տևեց և շարունակվեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո: Առաջին փուլում հաջողվեց փայլուն հաղթանակ տանել՝ Շուշին և Լաչինը: Բայց արդեն նոր խնդիրներ էին գոյանում: Խորհրդային Միության փլուզումը, Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը պահանջում էին հայկական հզոր բանակի ստեղծում: Մենք շատ լուրջ և զգաստացնող պարտություններ կրեցինք՝ հանձնելով Շահումյանը, Մարտակերտի մի մասը և Արծվաշենը: Եվ պարզ էր, որ ջոկատների միջոցով հնարավոր չէր պատերազմը շարունակել: Անհրաժեշտ էր բանակ:
Բանակի ստեղծման ընթացքը համընկավ իմ պաշտպանության նախարար դառնալու հետ: Ղարաբաղում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, Ռուսաստանից Հայաստան եկան արհեստավարժ զորավարներ և սպաներ: Ինչի՞ վրա էինք հենվում բանակը ստեղծելիս: Մենք ունեինք մարտական փորձառություն ձեռք բերած ու հայրենիքին նվիրված փայլուն զինվորներ և խորհրդային բանակում ծառայած արհեստավարժ սպայական կազմ, որ վերադարձավ Հայրենիքին ծառայելու: Հայաստանում տեղաբաշխված խորհրդային բանակից ժառանգություն էր մնացել որոշակի քանակությամբ զենք և զինամթերք, որն անհամեմատ քիչ էր Ադրբեջանին մնացած տեխնիկայից ու զինամթերքից:
Սակայն բանակի կազմավորման գործում ամենակարևորն այն էր, թե ինչ խնդիր է դրվում բանակի առջև: Այդ փուլում, չնայած բանակցություններ էին ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ակնհայտ է, որ Ադրբեջանը, ոգևորված Շահումյանի, Մարտակերտի ու Արծվաշենի իր հաղթանակներից, հույս ուներ, որ հարցը կլուծի ռազմական ուժով: Բանակի առջև դրվեց հետևյալ խնդիրը. Ղարաբաղի հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, բայց մինչև հակառակորդը ջախջախիչ պարտություն չկրի, լրջորեն բանակցությունների սեղան չի նստի: Հաղթանակի խնդիրը մեծ ոգևորություն առաջացրեց բանակում, և հարցի ռազմական մասը լուծվեց:
Ներքաղաքական կյանքում բանակի միջամտությունը նշանակում է, որ կամ բանակը ինքը հեղաշրջում է անում, կամ իշխանությունների հրամանով դուրս է գալիս ժողովրդի ու քաղաքական ընդդիմության դեմ: Երկու դեպքերի համար էլ բազմաթիվ պատմական օրինակներ են հայտնի, և Հայաստանում երկուսն էլ պետք է բացառվեն: Պաշտպանության նախարար լինելով՝ ես այս հարցը հստակ ձևակերպել եմ սպայական ժողովների ու տարբեր ստորաբաժանումների հետ հանդիպումների ժամանակ: Ներքաղաքական կյանքին չմիջամտելու սկզբունքը շատ մեծ գոհունակությամբ է ընկալվել բանակում: Այնուամենայնիվ հարց է ծագում. կա՞ արդյոք այդ վտանգը Հայաստանում, թե ոչ: Դրա հավանականությունը ես շատ փոքր եմ համարում:
Ինչ վերաբերում է բանակի ապագային, ապա բանակը կունենա նույն ճակատագիրը, ինչ պետական մնացած կառույցները: Բանակի ստեղծումը առանձին գործ է, բայց ստեղծելուց հետո հանդիպեցինք նույն հիմնահարցերին, որ կան մյուս նախարարություններում, մյուս կառույցներում: Այսօր արդեն հզոր բանակ ունենալու համար միայն բանակով զբաղվելը հարցը չի լուծում: Բանակը պետության և հասարակության շարունակությունն է, և բանակի հզորացումն արդեն լուծվելու է ընդհանուր պետական կառույցի բարեփոխմամբ:
Վազգեն Մանուկյան. Հայաստանի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար, «Դրոշակ», 19 հոկտեմբերի, 1994
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.