Հատված Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի զեկույցից, ուղղված Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին
29 մարտի 1920 թ. Բաքու
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչին Վրաստանում
Ամսիս 27-ին Ձեզ ուղարկված են մի շարք ծրարներ հասցեագրված թե Ձեզ և թե Արտ. գ. մինիստրության: Բացի այդ մի գլանաձև մեծ ծրար, բոլորի ստացման մասին խնդրեմ մեզ տեղեկացրեք: Ավելորդ եմ համարում խնդրել, որ ուղարկածս ծրարները, թե հինը և թե այսուհետև ուղարկվելիքը, անմիջապես պիտի ճանապարհեք Երևան: Եթե ուղարկածներս ստացել եք, ուրեմն գիտեք, թե ինչ է կատարվում այստեղ, բայցև այնպես համառոտակի գրեմ:
Ըստ կառավարական աղբյուրների՝ դա մի կազմակերպված, որոշ պլանով գործողություն է, որը ծավալվում է. հարձակումը հանկարծակի է եղել, առանց նախանշանների, կասկածում են, թե Հայաստանի կառավարության մատը մեջն է. կամ թե կապ ունի բոլշևիկների հառաջխաղացության հետ:
Այսպես պատկերացնելով երևույթը, ամեն միջոց ձեռք են առնում շարժումը խեղդելու: Ուղարկում են կանոնավոր զորամասեր հետևակ, ձիավոր և թնդանոթաձիգ: Գավառներում կազմակերպում են կամավորական և պարտիզանական խմբեր, որոնք հետզհետե ուղարկում են ճակատ:
Առաջին օրերը ամբոխի տրամադրությունը շատ գրգռված էր. հաճախանում էին անկարգությունների դեպքեր ու ծեծ, հայհոյանք, վիրավորանք, կանանց անպատվություն, կողոպուտ ևլն. եղան անգամ սպանության և վիրավորելու դեպքեր: Կառավարությունը նկատելի կերպով արտակարգ միջոցներ է ձեռք առնում ամբոխին զսպելու համար, ուժեղացրած ձիավոր և հետևակ պահակներ ցերեկ և գիշեր շրջում էին քաղաքը, մանավանդ հայկական մասը:
Այժմ ըստ երևույթին տրամադրությունը մի քիչ մեղմացել է. «Азерб.»-ն էլ շատ գրգռիչ հոդվածներ չի գրում, ավելի զուսպ և պաշտոնական լեզու է բանեցնում:
Ղարաբաղից տեղեկություններ չենք ստանում: Բոլոր ճանապարհները փակ են հայերի համար: Դժվարությամբ տեղեկություններ է ստանում նաև կառավարությունը, հեռագիրը և հեռախոսը ընդհատված են. թվում է թե բուն անցուդարձը, իր մանրամասնություններով, անգամ կառավարության համար պարզ չէ:
Զորական նախարարը գնացել է ռազմաճակատ, բոլոր միտքը և ջանքը ուղղված է դեպի Ղարաբաղ:
Համաձայն չստուգած լուրերի Շուշին և Խանքենդին, բացի Ասկերանից, նույնպես գտնվում են հայերի ձեռքին: Եվլախ հավաքված զորքը առաջ չի շարժվում, ասում են, որ չի ցանկանում կռվել:
Այսպես է ներկայիս դրությունը:
Թե ինչ է կատարվում Հայաստանում և ֆրոնտում, ես չգիտեմ, բացի այն, ինչ որ կարդում եմ լրագիրներում: Ես այդ վայրերի համար ոչինչ անել չեմ կարող, դա ուրիշների գործն է: Իմ գլխավոր հոգսն է, որ Ադրբեջանի հայությունը – Բագու, Գանձակ և այլուր, չտուժի Ղարաբաղի անցքերի պատճառով: Հայ ժողովուրդը կոտորածի մղձավանջի տակ է ապրում: Երկյուղ են կրում ժողովրդական բռնկումից և կազմակերպված կոտորածից: Ամեն տրամաբանության հակառակ է դա. բայց ո՞վ գիտե, ամեն բան սպասելի է: – Ուսուբբեկովը ամեն միջոց գործ է դնում, որ բան չպատահի: Այսօր Գեգեչկորին, մանավանդ Ալշիբայան նույնպես հավաստիացրին, որ բան չի պատահի, թեև մի քանի օր առաջ նրանց տրամադրությունը սաստիկ մռայլ էր:
Բայց և այնպես, ես չեմ կարող հանգիստ լինել:
Դուք պիտի միջոցներ ձեռք առնեք, պիտի հաջողեցնեք, որ Հասկելը, Ուորդրոպը, Նոնանկոպը, Գաբբան և Հունաստանի ներկայացուցիչը նախազգուշացնեն Ադրբեյջանի կառավարության, որ չլինի թե Դարաբաղի անցքերի համար տուժի Ադրբեյջանի անպարտ հայ ժողովուրդը:
Ողջույններով՝ Մարտ. Հարությունյան
ՀՀ ՊԱ, ֆ. 200, ց. 1. գ. 417, թթ. 205-206: Բնագիր: Ձեռագիր:
Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003