November 28, 2024

Հաշտության մասին

  • by Archives.am
  • 107 Years ago
  • 0

Մշակ, 21 նոյեմբերի, 1917թ., թիվ 249

Կայանից նոյեմբ. 16-ին, բոլոր բանկերին, կազմակերպություններին և թերթերի խմբագրություններին.

Նոյեմբերի 15-ին կռվող կողմերի բոլոր ժողովուրդներին արած առաջարկին՝ անմիջապես բանակցություններ սկսելու հաշտության մասին — առանց անեքսիայի և կոնտրիբուցիայի սկզբունքով և ազգերի ինքնորոշման հիմունքով,— գերմանական գերագույն հրամանատարությունը համաձայնեց հաշտության բանակցություններ սկսելու: Գերագույն հրամանատար Կրիլենկոն առաջարկեց ժամանակամիջոց տալ 5 օրով, մինչև 19-ը, նորից դաշնակից պետությունների հետ բանակցելու, նախապես իմանալու նրանց վերաբերմունքը հաշտության բանակցությունների նկատմամբ: Ռազմական գործողությունները ռուսական ճակատում երկու կողմից էլ դադարեցված են: Այդ 5 օրվա ընթացքում զորքի տեղափոխություն չի կարող լինել: Վճռական քայլն արված է: Ռուսական գյուղ. և բանվոր. հաղթական հեղափոխությունը տատանումներից հետո կտրուկ կերպով դրեց հաշտության խնդիրը: Այժմ կռվող կողմերի բոլոր կառավարություններին, բոլոր խավերին կոչ է արված կտրուկ կերպով պատասխանել, թե իրենք համաձա՞յն են նոյեմբերի 19-ին անմիջական զինադադար անել հաշտության բանակցություններ սկսելու համար: Այդ պատասխանից է կախված այն հարցը, թե գործարանների ու դաշտային աշխատավորները կազատվե՞ն այս ձմեռվա կռվից և նրա բոլոր սարսափներից ու աղետներից, թե պատերազմը շարունակվելու է իր արյունահեղությամբ:

Մենք՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդս՝ այս հարցով դիմում ենք մեր բոլոր դաշնակիցներին՝ Ֆրանսիային, Անգլիային, Իտալիային, Ամերիկային, Բելգիային, Սերբիային, Ռումինիային, Ճապոնիային և Չինաստանին: Մենք իրենց սեփական ժողովուրդների առաջ, ամբողջ աշխարհի առաջ հարցնում ենք նրանց՝ համաձա՞յն են մեզ հետ միասին, դեկտեմբերի 1-ին, հաշտության բանակցություններ սկսելու:

Մենք՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդս՝ դիմում ենք դաշնակից ժողովուրդներին և ամենից առաջ նրանց աշխատավոր մասսաներին, թե համաձա՞յն են արդյոք նրանք շարունակելու այս արյան բաղնիքը՝ անմիտ ու աննպատակ, որ կործանում է Եվրոպայի կուլտուրան: Անմիջապես պահանջում ենք դաշնակից երկրների բանվորական կուսակցություններին պատասխան տալ, թե կամենո՞ւմ են արդյոք հաշտության բանակցություններ սկսել:

Նույն կերպ՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը դիմում է Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Բուլղարիայի աշխատավոր մասսաներին, թե իրենք այնպիսի հաշտություն են առաջարկում, որ կլինի ժողովուրդների հաշտություն և կապահովվի ամեն մի ժողովրդի ազատությունն ու տնտեսական կուլտուրական զարգացումը:

Վերջում ավելացնում են, որ ռուս ժողովուրդը դեկտեմբերի 1-ից ավելի չի կարող սպասել, և եթե դաշնակիցները իրենց ներկայացուցիչները չղրկեն էլ, միևնույն է՝ ժողովրդական կոմիսարների կառավարությունը հաշտության բանակցություններ է սկսելու գերմանացիների հետ: Եթե այդպիսով դաշնակիցների բուրժուազիան հարկադրի իրենց անջատ հաշտություն կնքելու, դրա պատասխանատվությունն ընկնելու է նրանց վրա:

Զինվորներ և բանվորներ Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Ամերիկայի, Բելգիայի, Սերբիայի, դեկտեմբերի 1-ին սկսեցեք հաշտության բանակցություններ: Մենք սպասում ենք ձեր ներկայացուցիչներին: Գործեցեք և ոչ մի րոպե մի կորցրեք:

Կորչի ձմեռային կռիվը, կորչի պատերազմը, կեցցե հաշտությունը և ժողովուրդների եղբայրացումը:

Ստորագրել են՝ Տրոցկի, Լենին

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives