«Մշակ», 2 փետրվարի, 1918թ., թիվ 24. —
Զորքը ցրվում է
Հեռագիր հունվարի 29-ից, գերագույն զորահրամանատարից — Բաթում, Փոթի, Թիֆլիս, կոմիսարներին և բոլորին, բոլորին, բոլորին
Ընկերներ, հաշտության բանակցությունները ավարտված են։ Գերմանական կապիտալիստները, բանկիրները և կալվածատերերը, որոնց լռելյայն աջակցում են անգլիական և ֆրանսիական բուրժուաները, մեր ընկերներին, Բրեստի մեր պատգամավորության անդամներին առաջադրել են այնպիսի պայմաններ, որոնց տակ չէր կարող իր ստորագրությունը դնել ռուսական պատգամավորությունը։ Գերմանական և ավստրիական պետությունները կամենում են տիրել այն հողերին և ժողովուրդներին, որոնց զավթել են զենքի ուժով։ Ռուս բանվորական և գյուղացիական ժողովրդական իշխանությունը չի կարող իր համաձայնությունը տալ դրան։ Մենք չենք կարող ստորագրել այնպիսի հաշտություն, որն իր հետ բերում է թշվառություն, բռնություն և տանջանք՝ նույնպիսի միլիոնավոր բանվորների և գյուղացիների համար, բայց մենք նույնպես չենք կարող և չպետք է պատերազմ վարենք, որ սարքել են թագավորները և կապիտալիստները՝ թագավորների և կապիտալիստների դաշնակցությամբ։ Մենք չենք ցանկանում և չենք վարի պատերազմը այնպիսի մարդկանց հետ, ինչպիսին մենք ենք — ավստրիական և գերմանական բանվորների և գյուղացիների հետ։ Մենք չենք ստորագրի կալվածատերերի և կապիտալիստների հաշտությունը։ Թող այժմ իմանան գերմանական և ավստրիական զինվորները, թե ով է իրենց քշում և ինչի համար են քշում դեպի պատերազմ։ Թող իմանան նրանք, որ մենք հրաժարվում ենք նրանց հետ կռվելուց։ Մեր պատգամավորությունը, ռուս ժողովրդի և մյուս երկրների բանվորների և գյուղացիների առջև ունեցած պատասխանատվության լիակատար գիտակցությամբ, սույն թվի հունվարի 28-ին հայտնեց հետևյալը.
Ռուսական ֆեդերատիվ հանրապետության կառավարության ժողովրդական կոմիսարների խորհուրդը սրանով հայտնում է մեզ հետ կռվող ու չեզոք պետություններին ի գիտություն, որ հրաժարվում է ստորագրել անեքսիոնիստական (կցման) պայմանագիրը։ Ռուսաստանն իր կողմից հայտնում է, որ դադարեցնում է պատերազմը Գերմանիայի, Ավստոր-Հունգարիայի, Թուրքիայի և Բուլղարիայի հետ։ Միաժամանակ հրաման է տրվում ռուսական զորքերին, որ զորաճակատի ամբողջ գծի տարածության վրա ցրվեն։
Բրեստ-Լիտովսկ, 10 փետրվարի, 1918թ. Ստորագրություններ՝
Ռուսական հաշտության պատգամավորության նախագահ, արտաքին գործերի ժողովրդական կոմիսար՝ Տրոցկի, պատգամավորության անդամներ՝ Ա. Բիցենկո, կոմիսարներ Կորելի, Իոֆֆե, Պոկրովսկի, ուկրաինական կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գ. Մեդվեդև, ուկրաինական հանրապետության զինվորական գործերի ժողովրդական կոմիսար՝ Շախբայ, պատգամավորության քարտուղար՝ Կարախան։
Սրա հետ միասին հրահանգում եմ անմիջապես միջոցներ ձեռք առնել զորքերին հայտարարելու, որ ներկա մոմենտից պատերազմը Գերմանիայի, Ավստրիայի, Թուրքիայի և Բուլղարիայի հետ — դադարեցված է։
Ռազմական որևէ գործողություն չպետք է կատարվեն. սրանով միաժամանակ հայտարարվում է ընդհանուր զորացրման սկզիբը բորոլր զորաճակատներում։ Զորաճակատների և զորաբանակների շտաբներին հրահանգում եմ միջոցներ ձեռք առնել զորքը ետ քաշելու առաջապահ դիրքերից և նրանց կենտրոնացնել պահեստի գծերում, իրենց տեղերն ուղարկելու, համաձայն զորացրման կանոնի։
Սահմանագիծը պահելու համար առանձնացրեք ժամանակավոր զորամասեր վերջին տարիների զինվորներից։
Ընկեր զինվորներ,
Խնդրում եմ հանգիստ լինեք և համբերությամբ սպասեք ձեր զորամասերւ ուղարկելուն, միաժամանակ լարել ամեն ճիգ և ջանք ժողովրդական միլիարդներ արժեցող արտիլերիական և ամեն տեսակ գույքեր պահեստները փոխադրելու։ Հիշեցեք, որ կանոնավորապես կատարվող զորացրման դեպքում միայն կարող են ամենքը տուն գնալ, չխախտելով երկաթուղային երթևեկությունը և չկանգնեցնելով մթերքների փոխադրությունը ժամանակավորապես մնացածների համար։ Փետրվարի 1-ից բաց են թողնվում 1908 և 1909 թ. զինվորները։ Մյուս թվերի զինվորների գնալու ժամանակամիջոցի մասին կհայտնենք առանձին։ Զինվորական բոլոր ընտրովի կազմակերպություններին, բոլոր հրամանատարական կազմերին հրահանգվում է միջոցներ ձեռք առնել կանոնավորապես կատարելու զորացրումը։
Գերագույն հրամանատար՝ Կռիլենկո 1918թ. 29 հունվարի