«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)
Նոյեմբերի 23–ին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց հանրապետությունում գործող հասարակական քաղաքական կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության, Ազգային ինքնորոշում միավորման, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության, Սահմանադրական իրավունք միության, Դեմոկրատական կուսակցության, Հայոց Համազգային շարժման և այլ հասարակական-քաղաքական կազմակերպաթյունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով վերջին օրերի իրադարձությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը, հանրապետության նախագահը վերլուծեց դեպքերի զարգացման հնարավոր տարբերակները, տեղեկացրեց քաղաքական կայունության և Արցախում բնակչության տարրական անվտանգության ապահովման ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած քայլերը, նշեց բոլոր կազմակերպությունների գործունեությունը ստեղծված պայմաններում հանրապետության կենսական հրատապության խնդիրների լուծմանը նպատակաուղղելու անհրաժեշտությունը:
Այնուհետև, ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց տնտեսական շրջափակման հետևանքով ստեղծված էներգետիկ իրավիճակը, ծանոթացրեց կառավարության մշակած միջոցառումներին, որոնք կոչված են ապահովելու հանրապետության կենսագործունեության նվազագույն պայմանները։ Նա միաժամանակ կազմակերպություններին կոչ արեց գործնական առաջարկներով մասնակցել հակաճգնաժամային միջոցառումների մշակման և իրագործման աշխատանքներին։
Ազգային անվտանգության խնդիրներին, այդ գործում հասարակական-քաղաքական կազմակերպությունների դերին ու նրանց կողմից պետությանը ցույց տրվելիք օժանդակության ձևերին և ուղղություններին էր նվիրված Հայաստանի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանի հաղորդումը։ Հանդիպման մասնակիցները որոշ նկատառումներ շարադրեցին բարձրացված հարցերի շուրջ։
(ԳԽ մամուլի կենտրոն—Արմենպրես)