«Երկիր», 19 հունիսի, 1992թ., թիվ 115 (204)
Հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը եւ Գեւորգ Ղազինյանը հանդիպում ունեցան Դաշնակցային Ռուսաստանի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջազգային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Եվգենի Կոժոկինի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվեց Արցախում ստեղծված ծանրագույն կացությունը։
Ա. Կիրակոսյանը եւ Գ. Ղազինյանը Ռուսաստանի պատվիրակի ուշադրությունը հրավիրեցին Ադրբեջանի՝ ԼՂՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիային ռուսաստանցի զինծառայողների գործուն մասնակցության հանգամանքին։ Այդ կապակցությամբ Ե. Կոժոկինը խուսափեց սպառիչ մեկնաբանություն տալ, պատճառաբանելով տեղեկատվության պակասը։ Զրույցի ընթացքում շոշափվեցին այլ հարցեր։
Ավելի ուշ Ե. Կոժոկինին ընդունել են ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանը եւ ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ա. Մանուչարյանը։ Նախատեսվում է, որ այսօր Ե. Կոժոկինին պետք է ընդունեն նաեւ ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ արտաքին գործոց նախարար Ր. Հովհաննիսյանը։