«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)
Հայաստանի ռուսական մշակույթի «Օդա» ընկերությունը, ի պատասխան հունիսի 23-ին, ապա նաեւ օգոստոսի 6-ին, կենտրոնական հեռուստատեսության «Նորություններ» ծրագրով եթեր տրված այն ստահոդ հաղորդումներին, թե, իբր, 1988-89թթ. ընթացքում, Հայաստանից բռնի տեղահանվել եւ Ադրբեջանում վերաբնակվել են 64 հազար ռուս, հանդես է եկել այդ փաստերն ու թվերը հերքող հայտարարությամբ։
«Օստանկինո» հեռուստաընկերության նախագահ Յակովլեւին ուղղված նամակում նշված է, որ նման քանակությամբ ռուսազգիներ չէին կարող լքել Հայաստանը, քանի որ այդ թվերը ինքնին գերազանցում են հանրապետությունում բնակվող ռուսների ընդհանուր թիվը, որը, ըստ 1989 թվականի մարդահամարի, կազմել է 51,6 հազար։
«Անհրաժեշտ է սահմանազատել «փախստականներ» եւ «վերաբնակիչներ» հասկացությունները: Ամենայն պատասխանատվությամբ մենք հայտարարում ենք, որ Հայաստանում «ռուս փախստական» երեւույթը չի եղել եւ չկա:
Իրականում առկա են միայն ռուսների միգրացիա Հայաստանի սահմաններից դուրս, որի պատճառները բազմաբնույթ են։ Մեծ դեր խաղաց 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժը, որի գոտում հայտնվեցին ռուսներով բնակեցված շրջաններ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանի երկարատեւ շրջափակումները, որոնք ստիպում են հանրապետության բնակչության մի մասին, եւ ոչ միայն ռուսներին, լքել Հայաստանը։
Ռուսական մշակույթի «Օդա» ընկերությունն իր հայտարարությունն ավարտել է հետեւյալ պահանջով. «Մենք պահանջում ենք հեռուստադիտողներին հասցնել մեր հայտարարությունը եւ հետագայում խստագույն հսկողություն սահմանել եթեր տրվող լրատվության ճշմարտացիության ապահովման վրա։
Մեր պահանջները չկատարելու դեպքում, մենք մեզ իրավունք կվերապահենք այս հայտարարությունը, համապատասխան մեկնաբանություններով, տարածել զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում նաեւ ԱՊՀ-ի սահմաններից դուրս»: