November 27, 2024

Հայոց Համազգային շարժման հայտարարությունը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 13 օգոստոսի, 1993թ., թիվ 160(764), ուրբաթ

Հայաստանի Հանրապետության անկախության ամրապնդման և զարգացման հիմնական երաշխիք համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը,

գտնելով, որ խաղաղության հաստատումը բխում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և զարգացման կենսական շահերից,

կարևորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնապաշտպանության դերը նրա անվտանգության ապահովման գործում,

արձանագրելով, որ ինքնապաշտպանությունը դեռևս շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության միակ իրական երաշխիքը,

ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԽ-ի աճող շահագրգռվածությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ,

արձանագրելով հանդերձ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 և թիվ 853 բանաձևերի կիրարկմանն ուղղված ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ինը երկրների կողմից ներկայացված հրատապ քայլերի ժամանակացույցերում նսեմացված է թշնամական ակտերի, այդ թվում շրջափակումների դադարեցման դերը կայուն հրադադարի հաստատման գործում,

այնուամենայնիվ համարելով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ԼՂՀ-ի անվտանգության քաղաքական երաշխիքների ստեղծման հնարավորություն են ընձեռում,

անհրաժեշտ համարելով ինքնապաշտպանությանը զուգահեռ անվտանգության երաշխիքների ստեղծման բոլոր հնարավորությունների օգտագործումը,

ՀՀՇ վարչությունը գտնում է.

  1. Հակամարտող կողմերը՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանը, ձեռնպահ պետք է մնան ռազմական գործողությունների և թշնամական ակտերի ծավալումից,
  2. ԼՂՀ-ն և Ադրբեջանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԽ-ի կողմից հովանավորվող երկխոսություններին և բազմակողմ բանակցություններին իրենց գործուն մասնակցությամբ պետք է նպաստեն տարածաշրջանում խաղաղության կայուն գործընթացի հաստատմանը,
  3. Հայաստանի Հանրապետությունը պետք է պնդի ԵԱՀԽ-ի փաստաթղթերում ռազմական գործողությունների դադարեցման հետ զուգահեռ շրջափակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 և 853 բանաձևերում:
  4. Կայուն հրադադարի հաստատման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել հակամարտության գոտու սահմաններն այնպես, որ ապահովվի ԼՂՀ-ի իրական ապաշրջափակումը և անվտանգությունը:

ՀՀՇ վարչություն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives