Մշակ, 1 հունիսի, 1918թ., թիվ 101
Բաթումից վերադարձան, թե անդրկովկասյան, թե Ազգային Խորհրդի հաշտարար պատվիրակությունները: Մեր պատվիրակների մանրամասն զեկուցումը լսելուց հետո և համակերպվելով ստեղծված նոր քաղաքական և ռազմական ծանր պայմաններին՝ Ազգային Խորհուրդը հայության կողմից երեք հոգուց բաղկացած մի պատվիրակություն ուղարկեց Բաթում, տալով նրան ընդարձակ և վճռական լիազորություններ՝ նոր բանակցությունների միջոցով հաշտության գործը շուտափույթ ավարտելու համար: Սպասելով այս բանակցությունների վախճանին՝ Ազգային խորհուրդը վճռապես հրահանգում է թե արդեն թշնամուց գրավված և թե վտանգի տակ համարվող հայ գավառների ազգաբնակությանը՝ դադարեցնել գաղթը և մնալ իրենց տեղերում, որովհետև ինչ և լինեն տեղական պայմանները, տեղահանությունը շատ ավելի կորստաբեր է և կործանարար, քան նույնիսկ ծանր պայմաններում հայրենի հողի վրա ապրելը: