«Մշակ», 11 օգոստոսի, 1918թ., թիվ 158
Հայկական հանրապետության պառլամենտի բացման առիթով «Кавказское Слово» թերթը առաջնորդող հոդվածի մեջ ասում է.
«Հայ ժողովրդի կյանքում օգոստոսի 1-ի օրը կմնա իբրև ամենանշանավոր օրերից մեկը: Այդ օրը Երևանում տեղի ունեցավ հայ հանրապետության պառլամենտի բացման՝ ըստ պարագաների համեստ, սակայն ըստ իր նշանակության մեծ հանդեսը:
Այդ փաստի մասին, հարկավ, ռադիոհեռագիրներ չեն ուղարկելու աշխարհիս այս ու այն կողմը, աշխարհի թերթերը առաջնորդողներ չեն նվիրի նրան և մեծ ու երջանիկ ժողովուրդներն ազատ միջոց չեն գտնի առանձնապես ընդգծելու այդ փաստը և ըմբռնելու նրա իմաստը:
Բայց ողջ աշխարհի հայերի սրտում, ուր էլ որ գտնվելիս լինեն նրանք և կյանքի ինչ պայմաններում ապրելիս լինեն, լուրը այդ եղելությանը մասին կառաջացնե խնդագին արձագանք:
Չնայած արտաքին պարագաների անպաճույճ լինելուն, չնայած տիրող անվստահությանը գալիք օրվա նկատմամբ, չնայած այն բոլոր տեսանելի տանջանքներին, որ դեռևս շարունակում է կրել արյունաքամ լինող և վերջնականապես ջախջախվող հայ ժողովուրդը, նա այնուամենայնիվ արտակարգ ճիգ է անում՝ ժպիտով դիմավորել օգոստոսի 1-ի դեպքը, որովհետև այդ դեպքի մեջ հայ ժողովուրդը կնշմարե ազգային գաղափարի իրագործումը, մարմնացումը այն բանի, ինչ դարերով փայփայում էր ժողովրդի անուրջների և ցնորքների մեջ և նկատվում էր որպես հրաշք:
Այժմս արդեն Հայաստանի ազատ հանրապետության հիմքը դրված է:
Այժմս արդեն գոյություն ունի այն կենտրոնը, որի շուրջը, մենք հավատում ենք, պիտի համախմբվեն հայ ժողովրդի կենսական և ստեղծագործիչ ուժերը, և երիտասարդ պետության գլխին պիտի շողշողա խաղաղ և ստեղծագործական աշխատանքի բարեբերության ոգին:
Մենք հավատում ենք այդ բանին, որովհետև գիտենք, որ հայ ժողովուրդը, ամեն ձախորդությունների միջոցին, միշտ և անդավաճան ձգտում էր դեպի այն՝ նրա համար՝ օրհնյալ վայրերը, որոնց հետ կապված են այնքան ապրումներ — թե պատմական, թե ազգային, թե կրոնական — դեպի ալեզարդ Մասիսը, դեպի սրբազան Արաքսը, դեպի սուրբ Էջմիածինը: Եվ հենց այդ վայրումն է, որ այսօր կրկին վառվում է հայ ժողովրդի համար պետական և քաղաքական նոր գոյության ջահը:
Հազար վեց հարյուր տարի առաջ այնտեղ, ուր այժմ Էջմիածինն է, Գրիգոր Լուսավորչի տեսլեան մեջ իջավ Միածինը և ոսկե մուրճի հրավածով դրոշմեց այն տեղը, ուսկից պիտի սփռվեր համայն Հայաստանի վրա աստվածային վարդապետության լույսը: Եվ այդ լույսը տարածվեց և կռվան եղավ հայերի եթե ոչ քաղաքական, գոնե ազգային գոյության պահպանման:
Այժմ Երևանից, որ Էջմիածնից միայն մի քանի վերստի վրա գտնվում, պիտի տարածվի Հայաստանի վրայով կուլտուրական դեմոկրատական պետականության նոր լույսը, և հենց այդ լույսն է, որ ընդունակ է ստեղծել և պահպանել հայերի անկախ քաղաքական գոյությունը:
Եվ մենք ողջունում ենք հայկական կառավարության առաջին և իմաստուն քայլը, որ Հայաստանի Հանրապետության բացման նիստին, որպես իրավահավասար անդամներ, մասնակցել են մահմեդականների, ռուսների և եզիդիների ներկայացուցիչները: Նույն հանդեսին ներկա են գտնվել նաև եվրոպական մեծ և քաղաքակիրթ պետությունների՝ Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի ներկայացուցիչները:
Եվ հետագայում էլ արդարության, հավասարության և եղբայրության զգացումը դեպի երիտասարդ հանրապետության բոլոր քաղաքացիները, առանց ազգի խտրության, չպիտի վերանա հայ ժողովրդի առաջնորդների հոգուց և դեմոկրատական մեծ նշանաբանները պիտի ամենայն անշեղությամբ և հաստատակամությամբ մարմնացվեն կյանքի մեջ»: