«Ժողովուրդ», 15 հունվարի, 1920թ., թիվ 5
Դեկտեմբերի 20-ին լորդ Բրայսը հաղորդել է Պողոս Նուբարին, որ որոշված է հայկական հարցի քննությունը սկսել հունվարի ամսին և որ լորդ Կերզոնը ի պատասխան Կենտերբերիի եպիսկոպոսի փայլուն ճառի, ասել է, թե Թուրքահայաստանը պիտի ազատվի և պիտի ստեղծվի մի նոր պետություն, բայց ոչ «ծովից մինչև ծով», և ոչ ընդարձակ Հայաստան, սակայն այնպիսի սահմաններով, որ հայության դարավոր իղձը իրականացված կհամարվի։ Այսպիսով կարելի է անվիճելի համարել, որ ստեղծվելու է անկախ և միացյալ Հայաստան, և որ այդ հարցը վերջապես լուծված կլինի ոչ ուշ, քան առաջիկա փետրվար ամսին, եթե միայն Ամերիկայի անսպասելի միջամտությունը նոր բարդություններ ու փոփոխություններ չմտցնի արդեն որոշված և կանխորեն պարզված խնդրի մեջ։