«Ժողովուրդ», 15 հունվարի, 1920թ., թիվ 5
Երևան, 15 հունվարի
Հեռագիրները հաղորդեցին, որ Լոնդոնից Փարիզ են վերադարձել անգլիական նշանավոր պետական գործիչները իտալական ներկայացուցիչների հետ միասին և որ նրանց վերադարձով հունվարի 10-ին մեծ շուքով վերսկսել են Փարիզի խաղաղարար կոնֆերանսի աշխատանքները։
Նույն հեռագիրները հաղորդում են, որ Լոնդոնի խորհրդակցության մեջ արդեն համաձայնություն է կայացել Ֆիումեի հարցի վերաբերմամբ և որ կոնֆերենցիան անցնում է իր օրակարգի կնճռոտ և նշանավոր խնդիրներից մեկին, այն է՝ թուրքական պրոբլեմին։
Այսպիսով, հայկական դատը դառնում է եվրոպական դիվանագետների քննության առարկա և վերջապես մոտենում է այն օրը, երբ անկախ Վրաստանի և Ադրբեջանի շարքին կավելանա և անկախ ու միացյալ Հայաստանը, որի անկախության ճանաչման անհրաժեշտությունն արդեն անվիճելի է միջազգային խոշոր նշանակություն ունեցող վերջին ակտերից հետո, որոնց ուժով Ռուսաստանից անդառնալիորեն անջատվում է Անդրկովկասը։
Վրաստանի և Ադրբեջանի անկախությունների ճանաչումով կանխորոշվում է և միացյալ Հայաստանը, որովհետև Ռուսաստանը չի կարող երկու անկախ պետությունների գլխի վրայով տարածել իր իշխանությունը Ռուսահայաստանի վրա և նախկին Անդրկովկասի հարավային մասը համարել իր ազդեցության զոնաներից մեկը։
Հեռագրից երևում է, որ Հայաստանի անկախության ճանաչման հարցը դաշնակիցները կապում են թուրքական խնդրի լուծման հետ, և այսպիսով պարզվում է, որ հայկական անկախության ծանրության կենտրոնը նրանք ևս տեղափոխում են Թուրքահայաստան. մի տեսակետ, որի վրա կանգնած էր մեր կուսակցությունը, երբ նա մայիսի 28-ի ակտի երկրորդ մասը, որով Ռուսահայաստանի կառավարությունը ճգնում էր իր իշխանությունը տարածել և Թուրքահայաստանի վրա՝ համարեց սխալ և անժամանակ, հետ կանչեց իր ներկայացուցիչներին կառավարությունից և չմասնակցեց այն պառլամենտի ընտրություններին, որը դաշնակցականներն իրենց նեղ կուսակցական միտումներով անվանում էին Միացյալ Հայաստանի պառլամենտ։
Այժմ ամենքի համար պարզ է, որ իրավացի էինք մենք այն ժամանակ, երբ պահանջում էինք չշտապել միացյալ Հայաստանի հայտարարման ակտով, որովհետև համարում էինք այդ խնդիրը գերազանցապես միջազգային նշանակություն ունեցող մի խնդիր, իսկ հայկական պրոբլեմի ծանրության կենտրոնը՝ Թուրքահայաստանում։
Պատմության երկաթե օրենքն այժմ գալիս է հաստատելու ոչ միայն մեր հիմնական տեսակետները այս խնդրի մասին, որոնք մեզ համար երբեք էլ կասկածելի չեն եղել, այլև մեր այն հավատը, որ հավիտենական չեն հայ ժողովրդի տառապանքները և գալիս է վերջապես «մի ժամանակ», երբ հայ ժողովրդի դարավոր իղձը, նրա երազած միացյալ և անկախ Հայաստանը դառնալու է աշխարհի բոլոր հզորներից ճանաչված՝ միանգամայն անվիճելի իրականություն։
Հայ ժողովուրդը, որ դարեր առաջ կորցրել է իր անկախությունը և համաշխարհային այս պատերազմի և ռուսական հեղափոխության հետևանքով անօրինակ զոհաբերությունների և արյան գնով նորեն ձեռք է բերել իր սեփական պետությունը, այժմ արդեն մտնում է իր խնդրի վճռական փուլի մեջ և խորին հավատով ու վստահությամբ դեպի դաշնակիցները սպասելու է իր անկախության ճանաչման ավետաբեր լուրն առնելու։ Իսկ Թուրքիան, որի անսահման և աննախընթաց գազանությունների շնորհիվ ընկճվել և իրենց ազգային անկախություններն են կորցրել արևելյան շատ քրիստոնյա պետություններ և ժողովուրդներ, այժմ արդեն վերջնականապես պիտի վտարվի Փոքր Ասիայի այն մասերում, որոնք ավելի համապատասխան են նրա քաղաքական, պետական և «կուլտուրական» էությանն ու ձգտումներին։