Ազգ, 19 հունիսի, 1991թ., թիվ 36
Մայիսի վերջերին, Մոսկվայում Անդրեյ Սախարովի հիշատակի հանդիսությանը մասնակցելուց հետո, Ամերիկայի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի և ռուս ներկայացուցիչներից բաղկացած 15 հոգանոց մի պատվիրակություն իրազեկման նպատակով այցելել է Հայաստան և ապա մեծ դժվարություններով՝ Արցախ։ Պատվիրակության կազմում էր նաև Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Լոնդոն վերադառնալուց հետո «Ուոլ Սթրիթ Ջորնալ» հեղինակավոր թերթի հունիսի 12-ի համարում տպագրեց «Հայաստան. Նոր Ցեղասպանություն» վերանգրով հոդված՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովի Բրիտանի կատարած այցելության առթիվ։
Նշելով, որ Լուկյանովը կրկնելու է Մ. Գորբաչովի հավաստիացումները խորհրդային երկրում շարունակվող ռեֆորմների մասին, արևմուտքցի հոդվածագիրը պահանջում է «Մոսկվայի մուրացկանի տոպրակը լցնելուց առաջ» իմանալ, թե հայերի դեմ ի՞նչ ջարդեր են կատարվում խորհրդային զորքերի կողմից։
Այնուհետև բարոնուհին պատմում է Ոսկեպար գյուղում իր և Գորիսում պատվիրակության մյուս անդամների տեսածների մասին, և վկայակոչելով Գետաշենից և հայկական այլ վայրերից մազապուրծ արցախցիներին, ներկայացնում է իր և ընկերների եզրակացությունը. «Հայերն են առաջնահերթ զոհերը և անհրաժեշտ է ձեռք առնել միջոցներ՝նրանց պարտադրված տառապանքին վերջ տալու համար»։
«Նոր ջարդե՞ր են սպասվում հայերին», հարց է տալիս նա, վկայակոչելով վերադարձին Մոսկվայում մարշալ Յազովի և Ա. Լուկյանովի հետ ունեցած իր խոսակցությունը։ Նրանցից ոչ մեկը չի հերքել պատահածները և ժխտել գալիք լարվածությունների հնարավորությունը։ Փորձագետների խումբը, Հայաստանից մեկնելուց հետո, ներկայացրեց հաշվետվություն, որը ներկայացնում ենք կրճատումներով։
Անկախ փորձագետների կարծիքը
Արդյունքներ
Մենք այցելեցինք սահմանի վրա գտնվող փախստականներին, խորհրդային բանակի զորամասերը և ադրբեջանական միլիցիային…
Ականատեսների և տուժածների վկայությունների համաձայն, օմօնական ջոկատները սպանում, տանջահար էին անում և ահաբեկում հայերին։ Օմօնականներն ու տեղի ադրբեջանական ազգության բնակիչները զբաղված էին տների, ավտոմեքենաների, տնային անասունների և անհատական սեփականության այլ միջոցների ապօրինի բռնագրավմամբ. նրանք հաճախ բերում էին բեռնատար մեքենաներ՝ թալանը բեռնելու և տանելու համար։
Անկախ աղբյուրներից եկած հաղորդագրությունները հաստատում են, թե որոշ գործողություններին ներկա են գտնվել և հրահանգներ արձակել Ադրեջանի ներքին գործոց նախարարի առաջին տեղակալ Մամեդովը, շրջգործկոմի նախագահը, շրջանային միլիցիայի բաժանմունքի և ՊԱԿ-ի պետերը։ Բնակիչների աղերսները պաշտպանություն ցույց տալու վերաբերյալ արհամարհվում էին։
Խորհրդային պարետ գնդապետ Ժուկովը, մասնավորաբար, հայտարարեց, որ ոչ մի բան չի կարող ձեռնարկել։ Այս գործողություններից առաջ և դրանց ընթացքում օմօնականներն ստիպում էին բնակիչներին դիմումներ ստորագրել «կամավոր» հեռանալու մասին, այդ առիթով նրանց ենթարկելով տանջանքների, ծեծի և մահվան սպառնալիքի։
Եղած վկայությունների հիման վրա կարելի է եզրակացնել, թե շատերը ստիպված են եղել հեռանալ՝ ոչինչ չստորագրած։ Ով որ նման դիմումներն ստորագրում էր, նրանց հաճախ հրամայում էին դրանք ուղարկել պրն, Պոլյանիչկոյին, Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղարին։
Հանձնարարություններ
ԽՍՀՄ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող զորքերը, Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հետ համատեղ, ամբողջ գյուղեր տարագրելու գործողություններ կատարեցին խաղաղ բնակիչների հանդեպ, որոնց կարգին՝ կանանց, երեխաների և ծերերի հանդեպ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք։
Մենք բացահայտեցինք մարդու իրավունքների միջազգային երաշխիքների կոպիտ խախտումներ։
Մենք կարծում ենք, որ հարկ է շուտափույթ միջոցներ ձեռք առնել, քանի որ նոր բռնի տարագրությունները և դրանց ուղեկցող շահատակությունները իրական սպառնալիք են ներկայացնում։
Երաշխավորություններ
Որպեսզի մարդկանց կյանքն ապահովվի և բացառվեն տառապանքները, մենք անհրաժեշտ ենք համարում, որ ԽՍՀՄ պրեզիդենտը, ԽՍՀՄ ներքին գործոց նախարար Պուգոն, Ադրբեջանի պրեզիդենտ Մութալիբովը անհապաղորեն.
Հրաման արձակեն տարագրություններն անմիջապես և անվերապահորեն դադարեցնելու մասին.
Վերջ տան՝ շրջանում չափից ավելի ուժի գործադրության երևույթներին, համաձայն ՄԱԿ-ի կողմից իրավապահ մարմինների, սրանց աշխատակիցների համար մշակված կանոնների, այն թույլ տալով միայն ծայրահեղ պայմաններում և խստիվ համեմատական սպառնալիքին։
Ուստի կոչ ենք անում անմիջապես դուրս բերել և կազմալուծել ՕՄՕՆ-ի ջոկատները։
Համապատասխան իշխանությունները, ներառյալ ԽՍՀՄ ներքին գործոց նախարար Պուգոն ԽՍՀՄ գլխավոր դատախազ Տրուբինը, Ադրբեջանի ներքին գործոց նախարարը, պարտավոր են ներկայացնել ամբողջական հաշվետվություն, ուր լինեն բոլոր ձերբակալվածների անունները, նրանց գտնվելու վայրը, նրանց նկատմամբ առկա մեղադրանքները և հատկապես տալ լրիվ հաշվետվություն բոլոր անհայտ կորածների մասին։
Պրեզիդենտ Գորբաչովը, նախարար Պուգոն, Ադրբեջանի պրեզիդենտ Մութալիբովը և Լեռնային Ղարաբաղի զինվորական պարետ գնդապետ Ժուկովը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ տարագիրներին ապահով և անվտանգ պայմաններում հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Այս իշխանությունները պարտավոր են հիշյալ շրջանը հայտարարել աղետի շրջան և օգնության համար դիմել ազգային և միջազգային բարեգործական հաստատություններին։ Ներքին ընդհարումներից տուժածների համար պետք է ստեղծվեն նրանց պաշտպանությունն ու օգնությունն ապահովող պայմաններ։
Պետք է միջոցներ ձեռք առնվեն միջազգային վստահության ամրապնդման, ներառյալ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնք պիտի հետևեն բնակչության անվտանգությանն ու տուժածների օգնության բաշխմանը։
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը պետք է ստեղծի հատուկ մի հանձնախումբ՝ ստուգելու համար կամավոր հեռանալու վերաբերյալ հաղորդագրությունների իսկությունն ու վավերականությունը։ Այս հանձնախումբը բաց հաշվետվությունը պետք է ներկայացնի 30 օրվա ընթացքում։
Մենք կոչ ենք անում խորհրդային կառավարությանը՝ ԽՍՀՄ հրավիրել ՄԱԿ-ի հատուկ քննիչին, տարագրության ժամանակ առանց դատ ու դատաստանի պատահած զանգվածային մահապատիժները և առանց դատի տեղի ունեցած բազմաթիվ սպանությունները հետաքննելու նպատակով։
Իբրև կայունացնող ազդակներ, մենք առաջարկում ենք հայ և ադրբեջանցի բնակչության պաշտպանությունն ապահովել միայն միութենական զորքերի միջոցով, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինվեն և ունենան հաշվեկշռված ազգագրական կազմ, ներկայից գոյություն ունեցող իրադրության համեմատ, երբ այդ զորքերի 50 կամ ավելի տոկոսը կազմում են տեղի ադրբեջանցի զինակոչիկները։
Փորձագետների ստորագրություններ