«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)
Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Իրանի գործերի հավատարմատար Սոբհանիի միջեւ վերջերս կայացած հանդիպումը, որն անցավ ջերմ մթնոլորտում, ցույց տվեց, Ղարաբաղում մայիսին տեղի ունեցած դեպքերից հետո երկու երկրների միջեւ ստեղծված սառնությունը արհեստական էր։ Այս մասին հուլիսի 17-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտնեց նախագահի մամլո քարտուղար Ռուբեն Շուգարյանը։ Նա ընդգծեց, որ Իրանի հետ Հայաստանը ռազմավարական շահեր ունի, եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները հավերժական են։Շուգարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախագահի խորհրդական Վահան Փափազյանը անցյալ շաբաթ հանդիպումներ եւ խորհրդակցություններ է ունեցել Հայաստանի քաղաքական կազմակերպությունների հետ՝ նախագահին կից կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված խորհրդակցական մի մշտապես գործող մարմին ստեղծելու նպատակով։
Նա, անդրադառնալով Ղարաբաղի հարցի լուծմանն ուղղված միջազգային ջանքերին, շեշտեց, որ Հայաստանը հրաժարվում է Հռոմի նախապատրաստական ժողովին մասնակցելուց, որովհետեւ այն միանգամից փակուղի է մտել։ Նա նաեւ ավելացրեց, որ ավելի նպատակահարմար է միանգամից գումարել Մինսկի խորհրդաժողովը, նախնական ժողովներից ձեռնպահ մնալով։
Ապա հարցի լուծմանն ուղղված Ռուսաստանի առաջարկներին անդրադառնալով, նախագահի մամլո քարտուղարը դրանք մի փոքր դեկլարատիվ համարեց, միաժամանակ հայտնելով, որ այդ առաջարկները ընդգրկում են ռազմական գործողությունների դադարեցում եւ զորքերի հետ քաշում երկու կողմից էլ առնվազն 5 կմ-ով։
Վերջում՝ հիշեցնելով անցյալ շաբաթ Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների հետ նախագահի հանդիպումը, պրն Շուգարյանը նշեց, որ նախագահը «քաղաքական խաղերից ձեռնպահ մնալու եւ միասնական քաղաքականություն վարելու» կոչ է արել ԼՂՀ իշխանություններին։