«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)
Երեկ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Հայաստանի եւ Իրանի կանանց կազմակերպությունների զարգացող համագործակցության հարցերին։
Դեսպանատան մամլո պատասխանատու պարոն Դաղմանը, կարեւորելով կանանց կազմակերպությունների դերը հայ–իրանական հարաբերությունների զարգացման գործում, ներկայացրեց կնոջ սոցիալական եւ հասարակական ակտիվ կենսաձեւը եւ այն պետական հոգատարությունը կնոջ հանդեպ, որ այսօր գոյություն ունի Իրանում։ Երկրում կնոջ իրավունքների իբր գոյություն ունեցող ոտնահարման փաստերը պրն Դաղմանը համարեց իրականությունից անտեղյակ արեւմտյան քարոզչության արգասիք։ Իրականում, կինը Իրանում այսօր ավելի քան երբեւէ ներգրավված է տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում եւ ակտիվորեն մասնակցում է հանրապետության զարգացմանը։ Շարունակելով ու հաստատելով մամլո պատասխանատուի խոսքը՝ հայ զինվորների ծնողների հանրապետական կոմիտեի նախագահ տիկին Գրետա Միրզոյանը պատմեց իրենց պատվիրակության՝ Իրան կատարած այցի մասին, որը մեծապես նպաստել է երկու երկրների կանանց կազմակերպությունների համագործակցության զարգացմանը։ «Մեր պատվիրակությունը,– ասաց տիկին Միրզոյանը,– Իրան էր մեկնել մասնակցելու Բոսնիա-Հերցեգովինայի տուժած երեխաների օգտին կազմակերպված ցուցահանդես-վաճառքին: Ցուցադրված իրերը պատրաստել էին Հայաստանի աղետի գոտու երեխաները։ Ստացված ողջ գումարը փոխանցվեց համապատասխան ֆոնդին։
Երկու երկրների մայրերի կազմակերպությունների համագործակցության նվաճում պիտի համարել այն, որ ձեռք բերված երկկողմանի համաձայնությամբ հունվարի վերջերից մինչեւ մայիսի 15-ը Իրանում կհյուրընկալվի աղետի գոտու 300 երեխա։
Հոգեւոր, մշակութային բազում ընդհանրություններ ունեցող ժողովուրդների միջեւ պետք է ստեղծվեն համագործակցության անխորտակելի կամուրջներ։ Այդ գործում անելիք ունենք նաեւ մենք՝ մայրերս»։