Ռուբեն Դարբինյան
(Հատված մը իմ հուշերեն)
Հայրենիք, թիվ 6, 1950թ., Բոստոն
Երկու օր հետո Երևան ժամանեց Ուորդրոպը՝ Անգլիո գերագույն կոմիսարը Անդրկովկասի մեջ։
Բարձրահասակ, նիհար և լավ կազմվածքով, խորշոմած դեմքով վաթսունի մոտ մարդ մըն էր, որ իր երկար պաշտոնական զգեստով շատ կհիշեցներ ցարական Ռուսաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաները։ Բավականին լավ կխոսեր ռուսերեն, թեև անգլիական զորավոր շեշտով։ Ավելի քան 17 տարի ապրած էր Ռուսաստանի մեջ և լավ ծանոթ էր ռուսական կյանքին ու անցուդարձերուն։
Այդ օրերուն բոլշևիկները ռազմական մեծ հաջողություններ ունեին. մտած էին արդեն Հյուսիսային Կովկաս և կմոտենային Անդրկովկասի սահմաններուն։ Ուորդրոպը չափազանց մտահոգված էր բոլշևիկյան սպառնալիքով Անդրկովկասին։ Երևան մեկնելե առաջ, ան հատկապես գացած էր Բաքու՝ ազդելու Ադրբեջանի կառավարության վրա, որ ան ամեն հնարավոր միջոցներ ձեռք առնե՝ անխորտակելի պատվար մը կանգնեցնելու համար բոլշևիկյան ներխուժման դեմ, ինչ որ ինք անխուսափելի կնկատեր։ Երևան եկած էր նույն նպատակով։ Ցանկություն հայտնեց ներկա ըլլալու նախարարական խորհրդի մեկ նիստին՝ անձամբ խոսելու համար մեզ բոլորիս հետ։
Երբ իրեն տրվեցավ այդ պատեհությունը, ան ըսավ.
— Անգլիո քաղաքականության մասին շատ հակասական և սխալ կարծիքներ կան։ Սխալ ըմբռնման հետևանքով կա նաև որոշ դժգոհություն և տարակուսանք անգլիական վերաբերումի մասին դեպի Անդրկովկասի հանրապետությունները։ Ես կուզեմ ձեզ հետ ըլլալ անկեղծ և պարզ։ Ես անձամբ, ինչպես նաև անգլիական կառավարությունը, ռուսատյաց եմ։ Մեր շահերը Արևելքի մեջ ամենուրեք հակառակ են Ռուսաստանին։ Ով ռուսասեր է, ան կասկածելի բարեկամ է մեզ համար։ Ով Ռուսաստանին հակառակ քաղաքականության կհետևի, ան մեր իսկական բարեկամն է, միշտ արժանի մեր օգնության։ Մեր բոլոր քայլերը, պարոններ, պետք է մեկնաբանեք այս տեսակետեն։ Եվ այն ժամանակ այն, ինչ որ ձեզ հակասություն կթվի, հասկնալի կդառնա միանգամայն։ Անդրկովկասի բոլոր հանրապետություններն այժմ ունին մեկ մեծ ու վտանգավոր թշնամի, և այդ թշնամին Ռուսաստանն է։ Այդ թշնամուն դեմ է, որ դուք պետք է ուղղեք ձեր բոլոր ուժերը՝ ստեղծելով ընդհանուր ճակատ մը ձեր հարևաններուն հետ միասին։ Դուք պետք է սպառազինվեք և միանաք Հյուսիսի դեմ։ Ատոր համար անհրաժեշտ է, որ օր առաջ քաղաքական և ռազմական դաշինք կնքեք Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ կոնֆեդերեյշն մը կազմելով։
— Բայց դուք, պրն Ուորդրոպ,— ըսավ մեզմե մեկը,— բոլորովին մոռացության կուտաք, որ Հայաստանին կսպառնա ավելի մեծ և իրական վտանգ մը, քան Հյուսիսն է։ Մեր գլխավոր վտանգը Հարավինն է։ Ազատեցեք մեզ այդ վտանգեն, և այն ժամանակ մենք համաձայն կըլլանք ձեզ հետ, որ ունինք միայն Հյուսիսի վտանգը։ Այն ժամանակ շատ հեշտ կըլլա մեզ համար ընդհանուր լեզու գտնել մեր հարևաններուն հետ, որոնք ձեզ նման չեն ուզեր այժմ ճանչնալ Հարավի վտանգը։ Բացի այդ, մեր հարևաններուն հետ մենք ունինք սահմանային կարևոր վեճեր որոնց գոհացուցիչ լուծումը միայն կարող է ճանապարհ հարթել մեզ բոլորիս բաղձալի քոնֆեդերեյշընին համար։
— Դուք կչափազանցեք Հարավի վտանգը, պարոններ,— ըսավ Ուորդրոպը,— իրականին մեջ հնարավոր է դյուրությամբ չեզոքացնել այդ վտանգը։
— Բայց ինչպես,— անհամբերությամբ հարցուց մեզմե մեկը։ — Ես վստահ եմ, որ կարելի է չեզոքացնել։ Պետք է միայն, որ դուք հաստատապես որոշեք ձեր դիրքը Հյուսիսի դեմ։ Իսկ գալով ձեր սահմանային վեճերուն՝ ես կխորհիմ, թե այդ ալ դժվար չէ հարթել, եթե միայն դուք ընդհանուր շահերուն ստորադասեք ձեր մասնավոր շահերը և հրապարակ բերեք փոխադարձ զիջողականության տրամադրություն։ Պետք չէ մոռնաք, որ պետական սահմաններու գծման մեջ կարելի չէ ղեկավարվիլ միայն ազգագրական նկատումներով։ Դուք պետք է հասկնաք, որ առանց լեռնային, թեկուզ հայկական Ղարաբաղի՝ անկախ Ադրբեջան չի կրնար գոյություն ունենալ։ Այլապես ինչպե՞ս կուզեք, որ թրքական Նախիջևանը կցվի Հայաստանին։ Ինչպես որ դուք չեք կարող անկախ գոյություն ունենալ առանց Նախիջևանի, այնպես ալ Ադրբեջանը անկարող է գոյություն ունենալ՝ առանց լեռնային Ղարաբաղի։ Հետո, ես կկարծեմ, որ ձեր սահմանային վեճերը ձեր հարևաններուն հետ երկրորդական նշանակություն ունեն։ Գլխավորը ձեր միությունն է ընդհանուր թշնամիի՝ Հյուսիս դեմ։