November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը լիազորված է հայտարարել

Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը լիազորված է հայտարարել

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 14 հունվարի, 1992թ., թիվ 7 (352)

Ս.թ. հունվարի 1-ին և 2–ին Վրաստանի Հանրապետության հակամարտ կողմերը՝ պաշտոնական իշխանությունները և ընդդիմության ղեկավարները, դիմել էին ՀՀ կառավարությանը հաշտարար միջնորդի դեր ստանձնելու խնդրանքով։ Հայաստանի կառավարությունը, ընդառաջելով այդ դիմումներին և եղբայրական Վրաստանում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու մտահոգությամբ, կազմեց մի պատվիրակություն, որը հունվարի 2-3-ին Թբիլիսիում հանդիպումներ ունեցավ կողմերի ղեկավարության հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրակի դադարեցման, հետագա արյունահեղությունը կանխելու հարցերը։ Շոշափվել է նաև նախագահ Գամսախուրդիայի հանրապետությունից հավանական մեկնման դեպքում Հայաստանում ժամանակավոր ապաստան տրամադրելու հարցը:

Հունվարի 6-ին ընդդիմությունը հնարավորություն տվեց նախագահ Գամսախուրդիային և նրան ուղեկցող անձանց հեռանալ Վրաստանից և Ադրբեջանի տարածքով անցնել Հայաստան:

Հաջորդ օրը ստացվեց Թ. Սիգուայի հեռագիրը, որով Հայաստանի կառավարությանը տեղյակ էր պահվում, որ Վրաստանի կառավարությունը չի առարկում Զվիադ Գամսախուրդիային և նրա ընտանիքին Հայաստանում ապաստան տալուն: Ինչ վերաբերում է նրանց ուղեկցող ավելի քան 100 զինված անձանց, Վրաստան վերադառնալու դեպքում խոստանում են նրանց լիակատար ներում շնորհել:

Հունվարի 9-ին Զվիադ Գամսախուրդիան պաշտոնապես դիմեց ՀՀ ձախագահ Լ. Տեր-Պետրոսյանին՝ խնդրելով ժամանակավոր քաղաքական ապաստան տրամադրել իրեն, իր ընտանիքին և անձնական թիկնապահներին:

Մեկ օր անց պատասխան նամակում Լ. Տեր-Պետրոսյանը հաղորդել է Գամսախուրդիային և նրա ընտանիքին Հայաստանում ժամանակավոր ապաստան տալու որոշումը։ Առաջարկվել է նաև, որ զինված անձինք զենքն ու զինամթերքը արձանագրությամբ հանձնեն Հայաստանի իշխանություններին՝ դրանք Վրաստանի օրինական իշխանություններին վերադարձնելու նպատակով։ Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պ-ն Գամսախուրդիայի կողմից Հայաստանի տարածքը չպետք է օգտագործվի քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով։

Հայաստանի կառավարությունը, հարգելով ինքնիշխան Վրաստանի ներքին գործերին չմիջամտելլու սկզբունքը, շահագրգռված է եղբայրական Վրաստանում քաղաքական իրադրության շուտափույթ կայանացմամբ և խաղաղության հաստատմամբ։

Միաժամանակ կոչ ենք անում զանգվածային լրատվության բոլոր միջոցներին, Հայաստանի տարածքում Զվիադ Գամսախուրդիայի ժամանակավոր գտնվելուն առնչվող իրադարձությունները լուսաբանել օբյեկտիվորեն և դրսևորել հավասարակշռված մոտեցում։

Համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունների մարդասիրական ջանքերն ըստ արժանվույն կգնահատվեն վրաց ժողովրդի կողմից և կնպաստեն հայ-վրացական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives