Հայաստանի Հանրապետություն, 19 օգոստոսի, 1993թ., թիվ 164(768)
Օգոստոսի 18-ին, ժամը 7-ն անց 6 րոպեին ադրբեջանական ռազմական երեք ինքնաթիռ, խախտելով Հայաստանի Հանրապետության օդային սահմանը, ուժգին ռմբակոծության են ենթարկել Կապան քաղաքի խտաբնակ թաղամասերը: Զոհվել է յոթ, վիրավորվել ավելի քան երեսուն բնակիչ: Կան մեծ ավերածություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը խորը ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի այդ վայրագ գործողությունները, որոնք հետապնդում են մի նպատակ. պատերազմական գործողությունների մեջ ներքաշել Հայաստանի Հանրապետությունը և, նենգափոխելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը, այն ներկայացնել իբրև հայ-ադրբեջանական հակամարտություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է, որ նման գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
ՀՀ կառավարության մամուլի ծառայություն