November 28, 2024

Հայաստանի Խորհրդարանի բացումը (խմբագրական)

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

«Զանգ», 4 օգոստոսի, 1918թ., թիվ 42

Օգոստոսի 1-ը հայոց պատմության մեջ նոր դարագլուխ է կազմելու: Այդ օրը, դարերի երկար ընդմիջումից հետո, հայ ժողովրդին նորից վիճակվում է դարբնողը լինել իր պետական կյանքի:

Երևան քաղաքը այդ օրը արժանանում է Հայաստանի խորհրդարանի բացման մեծ պատվին:

Նորմալ ու խաղաղ պայմաններում բնական է, որ հայ ժողովրդի ամենանվիրական օրը կլիներ օգոստոսի մեկը, նրա ուրախությանն ու ցնծությանը սահման չէր լինի: Երևան քաղաքն այդ օրը ուխտատեղի կլիներ ողջ հայության, ուր տարագիր ու տանջված հայը ամենահեռավոր անկյուններից՝ Ամերիկայից սկսած վերջացրած Հնդկաստանով՝ օր առաջ կուղարկեր իր ներկայացուցչությունը մասնակից լինելու իր ժողովրդի մեծ ուրախությանը:

Բայց կսկիծով ենք նկատելու, որ Հայաստանի Հանրապետության բացումը՝ պատմական այդ մեծ ակտը, կատարվեց շատ համեստ, խորհրդավոր ու զուսպ պայմաններում:

Շատերին գուցե Հայաստանի Հանրապետության կայացումը սգահանդես էր հիշեցնում, որովհետև ի՞նչ է նշանակում հանրապետություն, անկախ, ինքնօրեն կառավարություն այն խղճուկ սահմաններում, որ այսօր ներկայացնում է Հայաստանը: Ոչ և ոչ. դա սգահանդես չէր, քանի որ սգահանդեսը դիակին է հատուկ, իսկ հայ ժողովուրդը իր այսօրվա հերոսամարտով, կովկասյան ֆրոնտի միակ պաշտպանի հանդուգն դերով ապացուցեց ճիշտ հակառակը՝ որ հայը կովկասյան ժողովուրդների մեջ առաջին արժանավորն է, իրավունք ունեցող հպարտորեն վայելելու անկախ ու ինքնօրեն կյանք վարելու մեծ պատիվը: Եվ իրոք, Հայաստանի հանրապետությանը նա արժանացավ ոչ թե մուրացկանությամբ, այլ իր ժողովրդի դիմադրական ուժով:

Մենք չենք խորանալ այսօր այն բացառիկ պայմանների մեջ, որոնք պատճառ դարձան ինչպես Հայաստանի, նմանապես կովկասյան մյուս հանրապետությունների գոյության, որովհետև այդ պայմանները բարդ լինելուց առաջ շատ են ցավոտ. մի ցավ, որ ամեն վերհիշելիս պիտի անիծենք…

Կովկասյան հանրապետությունների տրագիկ պատմությունը թողնենք պատմագետներին, որ հանգստորեն գրի անցնեն և տարրալուծեն միաժամանակ հայ, վրացի և թաթար ժողովուրդների արդի քաղ. Գործիչների հիմնական գծերը և ըստ այնմ գնահատեն նրանց արժանիքներն ու պակասավոր կողմերը կովկասյան վերջին անցքերի հետ միասին: Մենք կասենք միայն, որ Հայաստանի Հանրապետության գաղափարը մեր ժողովրդի փայփայանքն ու երազանքն է եղած վաղուց ի վեր, որի համար նա անվերջ տառապանք է կրել ու արյուն թափել, որին և հպարտորեն այսօր արժանացել է:

Պահենք ժողովրդական երկունք ապրած Հայաստանի մանուկ հանրապետությունը, պահենք մեր բոլոր ուժերով, միաժամանակ աշխատենք նորմալ և խաղաղ պայմանների, հայ ժողովրդի հերոսամարտին վայել սահմանների, իր իսկական սահմանների մեջ դնել Հայաստանի Հանրապետությունը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives