Հառաջ, 25 հունվարի, 1920թ., թիվ 18
Ժամը 2-ից անց էր 10 րոպե, երբ հեռացրիչը եկավ ներքին գործոց մինիստրություն և մի անգլերեն հեռագիր ձեռքին մտավ ներքին գործոց նախարարի առանձնասենյակը։ Կատարվեց մի թեթև թարգմանություն ֆրանսերենի և գերմաներենի օգնությամբ։ Ավելի շուտ, ներկաների լարված ջղերը և զգացմունքներն էին գործում, քան ուղեղները…
Ի՞նչ, անկա՞խ, Հայաստա՞ն, Տաճկահայաստա՞ն…
Սկսվեց այն, ինչ որ պիտի լիներ…
Մարդիկ մեծ, շատ մեծ ակտի առաջ կորցրել էին իրենց դատողությունը, կորցրել առօրյա պայմանական հարաբերությունները… Մինիստրը գրկախառնվում էր հեռացրիչի հետ, հեռացրիչը՝ գրագրի հետ, գրագիրը մյուսի հետ…
Դարավոր ստրկության շղթաները քակել էինք, այսօր ազատ մարդկությունը համակերպվեց դորա հետ…
Մեր աննման զոհերի սուրբ շիրիմների, որոնց անունը հազարներ է և միլիոններ, ազատության ճանապարհին ընկած այդ մեծ, շատ մեծ հիշատակները անցան մեր առջևով և արտասուքը խառնվեցին ծիծաղի, տխուր ծիծաղը՝ խենթության։
Մենք հարբած էինք…
Մի քանի րոպեից հետո արտաքին գործոց մինիստրության գլխավոր քարտուղար Ա. Տեր-Հակոբյանը բերավ ընթերցողներին արդեն հայտնի հեռագիրը։
Զարմացած իրար նայեցինք։ Երազների բարձր թռիչքներին հաջորդեց րոպեական իրականությունը։
Հայաստանը ճանաչված է իր այժմյան փաստային դրության մեջ…
Բայց չէ՞ որ մենք ունենք անկախ և Միացյալ Հայաստան։ Այդ է մեր որոշումը, այդպես ենք ցանկանում մենք — մեր ժողովրդի բարձր կամքը, որի առջև խոնարհվել և տեղի են տվել Աբդուլ Համիդի նմաններն անգամ…
Եվրոպան պիտի ճանաչի մեր միացյալ լինելը, և այն սահմաններով, որ մենք ենք ցանկանում, որը մեզ է պատկանում — մեր զոհերի արյան գնով վաստակած…
Հեռագիրը թողնում է հանրապետության սահմանների և նախկին Տաճկահայաստանի սահմանների հարցը բաց…
Այդ «բացը» պիտի գոցվի և լուծվի շուտով և այն իմաստով, որը մենք ենք կամենում։
Վայրկենապես մութը, որ ուզում էր պատել մեզ, տեղի տվավ նորից պայծառ լույսին և նորից ուրախություն և նորից ցնծություն…
Ներքին գործոց մինիստր պ. Գյուլխանդանյանը հեռագրի առաջին տպավորության տակ հեռախոսով հայտնել էր պառլամենտի փոխնախագահ պ. Ա. Սահակյանին և պառլամենտի շինության մեջ ստեղծվել է նույն բարձր խենթ տրամադրությունը… Մի քանի րոպե հետո պ. Գյուլխանդյանյանը հեռախոսով հայտնել է հեռագրի ճիշտ թարգմանությունը և պ. Սահակյանը հիասթափված բացականչել է. «Մենք դեռ շատ ուժ ունենք, որպեսզի բոլորին ճանաչել տանք Միացյալ Հայաստանի անկախությունը»։