«Երկիր», 17 նոյեմբերի, 1992թ., թիվ 222 (311)
Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պատվիրակների «Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարներ» կլոր սեղանի ընթացքում հայկական պատվիրակությունը, որպես Ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծմանը նպաստող առաջարկություն, առաջ է քաշել Ադրբեջանի և Հայաստանի օդային տարածքներում ռազմական ինքնաթիռների արգելման գաղափարը: Այս մասին Ա.Մ.-ի թղթակցին հայտնեց պատվիրակության անդամ, ՀՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը: Նրա կարծիքով այդպիսի միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերականգնելու Ռուսաստանի թողտվության հետևանքով օդային ուժերի խախտված հավասարակշռությունը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի տիրացել է նախկին ԽՍՀՄ զինված ուժերի շուրջ 130 ռազմական ինքնաթիռների, և պահեստներից բռնագրավել է 100 վագոն ավիառումբ, իսկ Հայաստանը առ այսօր այդպես էլ ոչինչ չի ստացել նախկին ԽՍՀՄ ռազմական օդուժի իրեն հասանելիքից:
Շաբաթ օրը կայացած պատվիրակությունների հանդիպման ժամանակ ռուսական պատվիրակությանը ներկայացված հայկական առաջարկությունը նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հայաստանի և Ադրբեջանի տարածքները ռազմական ինքնաթիռների թռիչքների համար արգելված գոտու հայտարարում: Հայկական կողմը իր ռուս գործընկերներին առաջարկել է, որպեսզի Հայաստանի նախաձեռնությունը ներկայացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Ինչպես հայտնեց Դ. Վարդանյանը, «Առաջարկությունը ռուսական կողմի համար նորություն էր և որպես հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական լուծմանը խոչընդոտող ռազմական անհավասարության վերացման միջոց, այդ գաղափարը հետաքրքրեց Ռուսաստանի Գերագույն խորհրդի պատվիրակությանը: Այժմ այդ գաղափարի հետապնդման նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը մի պաշտոնական պատվիրակություն ուղարկի Մոսկվա»: