November 28, 2024

Կովկասյան զորաճակատի գլխավոր հրամանատարի կոչը

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 12 դեկտեմբերի, 1917թ., թիվ 259

Համարյա ամեն օր ես հեռագիրներ եմ ստանում այն մասին, թե զանազան զորամասերի կոմիտեներ որոշումներ են կայացնում զորաճակատը թողնելու և թիկունքը վերադառնալու մասին հանգստանալու համար:

Մարդու սիրտը կտրտվում է այդ ցնորամիտ որոշումները կարդալու ժամանակ: Մի՞թե հիրավի ռուս զինվորը, որ դեռ մի տարի առաջ ապշեցնում էր աշխարհը իր տոկունությամբ, համբերատարությամբ ու ծառայության բոլոր սարսափելի դժվարությունները լռելյայն կրելու ընդունակությամբ, այժմ կորցնելով դեպի հայրենիքը ունեցած պարտականության իր գիտակցությունը՝ պատրաստ է դառնալ նրա մատնիչ Հուդան: Մի՞թե դեպի հայրենիքն ունեցած սերը, դեպի իսկական ազատությունը տածած սերը իսպառ մեռել է ձեր սրտերում: Մի՞թե չեք հասկանում, որ թողնելով զորաճակատը և դիրքերը, դուք վաճառում եք Ռուսաստանը թշնամիներին և արյունալի սարսափների եք մատնում նվաճված շրջանների քրիստոնյա ազգաբնակչությանը, որը հույսով ու շնորհակալությամբ էր նայում ռուս զորքերին, որոնք հաղթականորեն առաջանում էին՝ ազատելու համար նրան դարավոր ստրկությունից: Մի՞թե վերջապես դուք, ժողովուրդների ազատ ինքնորոշման լոզունգը քարոզողներդ, ինքներդ եք ցեխը գլորում այդ լոզունգը, և փոխանակ հնարավորություն տալու այդ ազգաբնակչությանը իսկապես ազատագրվելու՝ նետում եք նրան վերստին դեպի սոսկալի ստրկություն: Մի՞թե չեք հասկանում դուք, թե պահանջելով տանել ձեզ թիկունքը իբր թե սննդի պատճառներով, ինքներդ ձեզ մատնում եք սովի: Չէ՞ որ թիկունքն ապրում է կիսաքաղց, ուղարկելով ամեն ինչ զորքին: Չէ՞ որ այն ժամանակ, երբ դիրքերում դուք ստանում եք հացի լիակատար պարենը, թիկունքում ամբողջ ազգաբնակչությունը ստանում է միայն 3/5 հաց և ¼ ֆ. պաքսիմատ օրական հոգուն: Չէ՞ որ հեռանալով դիրքերից, դուք հակառակորդին թողնում եք պարենի ահագին պաշարներ, որ կբավե համարյա երկու ամիս, պաշարներ, որ անասելի ջանքերով ուղարկել է զորաճակատը մեր հայրենիքի քաղցած ազգաբնակչությունը:

Մի՞թե դուք չեք հասկանում, թե թողնելով անպաշտպան զորաճակատը և անկարգ, անսիստեմ ետ դառնալով թիկունքից, ինքներդ մատնում եք ձեզ վատթարագույն տանջանքների և քաղցի ու սովի սարսափներին, որոնք անխուսափելիորեն ձեզ ուղեկցելու են և ձեզ կորստյան են տանելու:

Մի՞թե դուք չեք հասկանում, թե Անդրկովկասում թիկունքը հարմարություններ չունի տեղավորելու զորաճակատի ահագին մասսաներին, իսկ Ստավրոպոլի նահանգը արդեն լեցուն է զորքերով:

Այս կոչով ես դիմում եմ ոչ այն խելացնորներին և այնպիսիներին, որոնք ամբողջ հայրենասիրությունը սպառում են պարապ խոսակցությունների և պրովոկացիայի վրա և արդեն անարժան են կոչվելու մեծ Ռուսաստանի զավակներ, որին նրանք պատրաստ են վաճառել, վասնզի նրանք, միևնույն է, ինձ չեն լսի. ես դիմում եմ հայրենիքը սիրող, նրա մասին մտածող, ինձ նման նրա ցավերով տանջվող ազնիվ, իսկական քաղաքացիներին և խնդրում եմ լսել իրենց հին զորահրամանատարի սրտաբուխ ձայնը և նրա կոչը՝ չգնալ նրանց ետևից, որոնք հորդորում են դավաճանության հայրենիքի և հեղափոխության հանդեպ, որոնք իրենց անձնական շահերը բարձր են դասում հայրենիքի շահերից, որոնց անպայման մոտիկ ապագայում կանիծեն հարազատները, երեխաները իբրև դավաճանների, որոնց պատմությունը հավասար կդասե Հուդա Իսկարիովտացու հետ, այլ հանգիստ մնալ իրենց տեղերում, կազմակերպվել կամավորական զորախմբերի մեջ և պաշտպանել, չնայած ամեն զրկանքներին, զորաճակատը և դրանով փրկել Ռուսաստանը նորանոր աղետներից:

Ես հավատում եմ, թե հին զորականի և քաղաքացու կոչը, որ անսահման սիրում է իր հայրենիքը, լսելի կլինի իսկական, ազնիվ ռուս մարդկանցից և նրանք կարող կլինեն հասկանալ ու անջատվել չարամիտ տարրերից, որոնք թող հեռանան ուր կամենան, և գիտեն, թե հայրենիքում նրանք կհանդիպեն արհամարհանքի ու ատելության իբրև դավաճաններ ու մատնիչներ:

Այս հրամանը կարդալ բոլոր զորավաշտերում, հարյուրյակներում և զորամասերում: Գեներալ Պրժևալսկի

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives