Մշակ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 250
Կովկասյան զորքերի հրամանատարը թուրքական զորքերի հրամանատարից ստացել է զինադադարի բանակցություններ սկսելու առաջարկություն:
Անդրկովկասի կոմիսարիատը, լիակատար համաձայնությամբ բան., զին., և գյուղ. պատ. խորհրդի երկրային կենտրոնի, վճռեց ընդունել այդ առաջարկությունը և ձեռնարկել ռազմական գործողությունները ընդհատելու բանակցություններին զինադադարի պայմանները մշակելու համար:
Անդրկովկասի կոմիսարիատը իր վրա վերցրեց այս ծանր ու դժվարին խնդրի լուծումը, որովհետև ներկա վայրկյանին բացակայում է միակ, կենտրոնական, բոլորից ճանաչված կառավարությունը և գերագույն հրամանատարի կայանը ավերված է քաղաքացիական պատերազմից: Մենք, երկրային կենտրոնների հանձնարարությամբ մեր վրա վերցնելով երկրի իշխանությունը, խոստացանք, որ կովկասյան զորքը ոչ մի ավելորդ ժամ չպետք է պատերազմի և միշտ միաբանություն պիտի պահպանի ռուսական ճակատի հետ:
Թուրքաց հրամանատարին պատասխանելու հետ միաժամանակ այս մասին հայտնված է նաև Միջագետքի անգլիական զորքերի հրամանատարին:
Վրա է հասնում Ռուսաստանի և ժողովուրդների պատմության մեծագույն վայրկյանը:
Մեր անդորրությունից, կազմակերպվածությունից և միաբանությունից է կախված մեր հեղափոխության, հայրենիքի և ապագա սերունդների բախտը: Զինադադարի միջոցին կգումարվի Համառուսական Հիմնադիր ժողովը, որը կմշակի հաշտության պայմանները — արդար, դեմոկրատական հաշտության — և կառաջարկի բոլոր կռվողներին:
Պատերազմը ծնեց հեղափոխություն, մեծ հեղափոխությունը կոչնչացնի պատերազմը: