Մշակ, 15 դեկտեմբերի, 1917թ., թիվ 262
Ընկեր ռազմիկնե՛ր,
Զինադադարի էության և երկրի ներքին կյանքի մի շարք պայմանների սխալ ըմբռնման շնորհիվ մեր ճակատը անդամահատվում է և անպաշտպան դառնում:
Ճակատը վերջնական քայքայումից ազատելու համար արդեն կովկասյան բոլոր ազգերի զավակներից կազմվում են կորպուսներ՝ ռուսական, հայկական, վրացական, հունական և այլն, որոնք անմիջապես կանցնեն ճակատի պաշտպանության, մինչև հաշտության պայմանների վերջնական մշակումը:
Ընկեր ռազմիկներ, դուք ինչպես հայեր, որպես Կովկասի զավակներ, պարտավոր եք գիտակցել, որ՝ եթե ճակատը, մինչև խաղաղ բանակցությունների վերջանալը չմնա անմերձենալի, թշնամին որևէ կերպ օգտվելով ներս կխուժի մեր սահմաններից և գեղեցիկ Կովկասը դժոխքի կվերածե, ինչպես պատահեց Թուրքահայաստանի հետ, որի ականատեսները դուք եք եղել:
Դուք պիտի իմանաք, որ մենք ոչ մի քայլ ետ չպիտի դառնանք ճակատի բնակչության վայր գծից, որ ձեռք է բերված հարյուր հազարավոր զոհերի կարմիր արյունով, ուր քարշ են տալիս իրենց գոյությունը մեր չարատանջ ժողովրդի մնացորդները և ուր մենք պետք է վերաստեղծենք ազատությունն ու արդարությունը:
Վերջապես միմիայն այնտեղ՝ առաջավոր դիրքերում ամուր կանգնած մենք կարող ենք ապահով լինել մեր ընտանիքների վիճակի վերաբերմամբ, որովհետև որքան հեռու է թշնամին, այնքան դժվար կլինի նրա համար ներս խուժել Կովկաս և նրան մատնել իր սրին ու հրին:
Այս ամենը ի նկատի ունենալով, մենք խնդրել ենք շտաբ ֆրոնտից իրավունք հայ ռազմիկներին պահելու ճակատում, կազմակերպել հայկական զորամասեր ճակատի պաշտպանության համար. նույն նպատակով դիմել են և բոլոր ազգերը:
Այդ իսկ պատճառով էլ ինչպես հայ, նույնպես և վրացի, ուկրաինացի 1900-1905 թվերի ծնված ռազմիկները չեն ենթարկվում արձակման, մինչև հաշտության վերջնական կնքումն:
Հայոց Ազգային խորհուրդը, Հայ Զինվորական խորհուրդը և բոլոր հայ քաղաքական կուսակցությունները ամենասերտ համերաշխությամբ լի, կանգ չառնելով ոչ մի զոհողության առաջ, ձեռնարկել են հայ կորպուսի կազմակերպչական գործին, որը շուտափույթ կլցնե ձեր շարքերը՝ ազգի ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար:
Ընկերներ: Ձեռք առնված բոլոր միջոցները ճակատ ուղարկելու բոլոր դասալիքներին, թիկունքում «оборона»-ի աշխատավոր անունով տեղավորվածներին և բոլոր նրանց, որոնք ցուցահանում են ինքը զինքը որպես անընդունակ ռազմի գործին:
Ընկերներ: Հայ Զինվորական Խորհրդի Գործադիր Մարմինը լիահույս է, որ դուք ամենքդ միանալով հարազատ զորամասերին կմնաք ճակատում, ուր ձեզ օգնության են շտապում հայ գնդերը:
Ոչ ոք չի մնալու թիկունքում:
Ընկերներ, բոլոր նրանք, որոնք չեն ցանկանում թուրքական լուծը, նրանք, որոնք չեն կամենում թուրքական բռնակալության ստրուկ դառնալ, այլ ցանկանում են մնալ Ռուսաստանի մեծ հանրապետության քաղաքացի, ուր կստանան լիակատար ինքնավարություն և «հողը աշխատավոր ժողովրդին», կոչ ենք անում այդ բոլորին ամուր կանգնել ճակատում Հեղափոխության և Հայրենիքի պաշտպանության համար: Հայ զինվորական միության գործադիր կոմիտե