Սյունիք, 21 մարտի, 1920թ., թիվ 10
Հայրենակիցներ,
Տաճկա-ադրբեջանյան միությունը իր դիվային ծրագիրը առաջ է տանում: Չբավականանալով Ագուլիսների գազանաբարո կոտորածներով և Զանգեզուրի վրա արած մի շարք անհաջող հարձակումներով, նա այսօր զինվորական եռուն գործողությունների է դիմել մեր Գողթանի ճակատում և օղակելով Ղարաբաղի սահմանները, ընդհանուր զինաթափության պահանջ է առաջադրել Ղարաբաղի հայության:
Գողթանի մի բուռն հայությունը հերոսաբար դիմադրում է, իսկ Ղարաբաղի ազատ լեռների արծիվները համարձակ կերպով մերժել են Ադրբեջանի պահանջները, և դիմել ապստամբության: Այժմ Ադրբեջանը հավաքելով Մուղանի և Բարգուշատի վայրենաբարո հորդաներին՝ վերջին անգամ փորձում է ճնշել Ղարաբաղը, ոչնչացնել Զանգեզուրը և մեր երկրի փլատակների վրայով միանալ Տաճկաստանի հետ:
Զանգեզուրի հերոսներ, ձեզ եմ դիմում վերջին անգամ և կոչում՝ ի զեն, Զանգեզուր-Ղարաբաղը, որը ծածկված է հայության դարավոր կոթողներով, ցողված է մեր փառապանծ նախնիքների արյունով և ոռոգված ձեր ամենօրյա աշխատանքի քրտինքով: Մի՞թե դուք թույլ կտաք, որ վայրենաբարո Ադրբեջանը զենքի ուժով դուրս վանե ձեզ ձեր հայրենիքից, որի դարավոր ազատամարտը ռազմի դաշտ է հանել Դավիթ-բեկեր, Մխիթար-սպարապետներ, Թորոս իշխաններ, որոնց հայրենիքը ազատ պետք է լինի:
ԱԶԱՏԱՍԵՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՑԻՆԵՐ, կյանքի և մահվան կռիվն է մղվում այսօր: Թշնամին լարել է իր վերջին ուժերը, բայց նա ահավոր չէ մեզ համար, եթե մեզանից ամեն մեկը վճռական այս րոպեին դուրս կգա կատարելու իր պարտքը հայրենիքի պաշտպանության համար: Զինվորները և զենքի ընդունակ բոլոր տղամարդիկ՝ կարգապահ շարքերով դեպի ռազմադաշտ՝ իսկ մնացողները դեպի թիկունքային աշխատանքի վայրեր: Ոչ ոք պարապ չպիտի մնա և ոչ մի դասալիք չպիտի լինի:
Քաջարի մարտիկներ, վերջին անգամ կոչում եմ ձեզ՝ հառա՜ջ, մինչև որ նենգամիտ թշնամին կջարդվի և մինչև որ ազահտ Հայաստանի Հանրապետության դրոշակը կծածանվի Ղարաբաղի բոլոր ամրոցների և մարտկոցների վրա…
Առանց Զանգեզուր-Ղարաբաղի չկա Հայաստան:
Կեցցե ազատ, Միացյալ Հայաստանը և նրա ժողովրդական կառավարությունը:
Կեցցե Հայաստանի պարծանք Զանգեզուր-Ղարաբաղը:
Կեցցե Արցախ-Սյունիքի քաջարի գյուղացիությունը:
Կեցցե Զանգեզուրի հայ զինվորությունը:
Զանգեզուրի գեներալ-կոմիսար՝ Ս. Մելիք-Յոլչյան
20 մարտի, 1920թ. Գորիս