November 27, 2024

Կյանքը Հայաստանի Հանրապետությունում

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0

«Մշակ», 6 օգոստոսի, 1918թ., թիվ 153

Երևանից եկած մի վստահելի անձնավորություն հաղորդում է.

Կյանքը Հայաստանի Հանրապետությունում անցնում է լարված և անհանգիստ ելևէջներով։ Պառլամենտի բացումը և անկախության հռչակումը առաջ չբերեց ոչ մի ուրախություն և խանդավառություն։

Թուրքերը կանգնած են Երևանից վեց վերստի վրա։

Հարաբերությունները Հայաստանի Հանրապետության կառավարության և թուրք իշխանությունների միջև մինչև հիմա չի խանգարված։

Այժմ Երևանում է գտնվում թուրքաց ներկայացուցիչը, որ կոչ է անում մուսուլման ազգաբնակության գաղթել Թուրքիային անցած շրջանները։ Այդպիսով թուրքերը կամենում են հայերի թողած գյուղերը բնակեցնել մուսուլմաններով։ Այդ կոչին արձագանք են տալիս մուսուլման գյուղացիությունը և քաղաքի չքավոր թաթարները։ Ինչ վերաբերում է ունևոր մուսուլմաններին, նրանք բնավ տեղներից չեն շարժվում։

Պարենավորման գործը սկզբուն ծայրահեղ կրիզիսի էր հասել. այժմ, երբ նոր բերքը հավաքվում է, փոքր-ինչ թեթևություն է զգացվում։

Հայտարարված է հացի մոնոպոլիա. պարենավորման կազմակերպությունները ամեն ջանք գործ են դնում, որ հացը գնեն և ամբարեն։ Խալվարի գինը հայտարարված է 10 ռուբլի։ Սակայն գյուղացիները հաց չեն տալիս։

Ոչ մի ներմուծում չկա։ Շաքարը ծախվում է մինչև 20 ռուբլի ֆունտը։ Նավթ չկա։ Մանուֆակտուրա նույնպես։ Շուկայում հացը ծախվում էր մինչև 5 ռուբլի ֆունտը, և դա անխառն հաց չէր, այլ խառնուրդ զանազան նյութերի, բրնձի, կարտոֆիլի, երբեմն և լոբու։

Պարենավորման գործը ավելի դժվարացնում են փախստականները։ Եվ դրանց թիվը շատ մեծ է։ Հայաստանի Հանրապետության սահմաններում հավաքված են Թուրքիային անցած շրջանների հայերը և եզդիները, Ղարաքիլիսայի և Ջալալօղլիի շրջանի փախստականները։ Բոլորի թիվը հասնում է 400 հազարի, դրանցից մոտ 75000-ը եզդիներ են։ Դրանք տեղավորված են Նոր-Բայազետի, Դիլիջանի, Դարա-Չիչակի և Երևանի շրջաններում։ Միայն Երևանի շրջանում կա 40000 փախստական։

Կառավարությունը ձեռքից եկած միջոցներով օգնում է նրանց, տալիս է բժշկական օգնություն, հնարավորություն և միջոց տեղավորվելու։ Բայց դա չնչին օգնություն է։ Փախստականական խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ փախստականները կարող լինեն վերադառնալ իրենց նախկին տեղերը։ Լուրերի համաձայն, Անդրանիկը շարունակում է մնալ Նախիջևանում։ Նա ոչ մի կապ և հաղորդակցություն չունի Երևանի հետ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives