November 27, 2024

Կերենսկիի ճառը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Մշակ, 28 հոկտեմբերի, 1917թ., թիվ 230

Հեռագրեր Պետրոգրադից

Ռուսական հանրապետության խորհրդի պարոնայք անդամներ:

Ժամանակավոր կառավարությունը հանձնարարել է ինձ անել հետևյալ հայտարարությունը: Վերջերս, քանի մոտենում է Հիմնադիր ժողովի գումարման ժամանակը, ավելի հանդուգն ու համառ են դառնում ռուսական հասարակայնության երկու թևերի փորձերը՝ ոչնչացնել Հիմնադիր Ժողովի գումարման հնարավորությունները, և միաժամանակ ավելի համառ են դառնում ռուսական պետության պաշտպանությունը կազմալուծելու երկրի անկախությունն ու ազատությունը անողոք, դաժան, դեպի պետության մայրաքաղաքը շարժվող թշնամուն մատնելու ջանքերը:

Ժամ. Կառավարությունը իր պարտականությունն է համարում պաշտպանել ամեն մի քաղաքացու շնորհված ազատությունը՝ իրականցնելու իր քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, ուստի և ըստ երևույթին սառնասիրտ է մնում, չնայած այն չափազանց խիստ երևույթներին, որոնք նկատվում են թե մամուլի մեջ, թե միտինգներում և թե ժողովների ժամանակ:

Վերջերս ամբողջ Ռուսաստանը, մանավանդ մայրաքաղաքի ազգաբնակչությունը անհանգստացավ ու չափազանց հուզվեց ապստամբական բացարձակ կոչերից, որոնք բխում էին անպատասխանատու, անջատված հեղափոխական դեմոկրատիայից, ավելի ճիշտ՝ դեմոկրատիայի անխելահաս մասից:

Մյուս կողոմից՝ մամուլի մյուս մասը նույնպես ագիտացիա էր մղում, պահանջելով իսկույն փոխել Ժամ. Կառավարությունը ու փոխարինել գոյություն ունեցող իրավակարգը դիկտատուրայով (ձայներ աջից «ուժեղ իշխանությամբ»): Միաժամանակ վերջերս պատրաստություններ տեսնվեցին իրապես տապալելու այժմյան պետական կազմը զինված ապստամբությամբ»:

Կերենսկին իբրև ապացույց իր խոսքերի կարդում է կտորներ մեծամասնականներ Ուլյանով Լենինի, Բրոնշտեյն Տրոցկիի և ուրիշ մի քանիսի արձակած թռուցիկներից, որոնցով առաջարկվում է զորքերին անմիջապես հափշտակել իշխանությունը կառավարության ձեռքից:

«Այս ապստամբական փորձերը,— շարունակում է մինիստր-նախագահը,— կատարվում են այնպիսի ժամանակ, երբ Ժամ. Կառավարությունը քննում է վերջնական ձևով հողերը ժամանակավորապես, մինչև Հիմնադիր Ժողովը, հողային կոմիտեների տնօրինությանը հանձնելու հարցը, այնպիսի ժամանակ, երբ կառավարությունը պատրաստվում է մոտիկ օրերս իր պատգամավորությունը ուղարկել Փարիզի վեհաժողովին, որպեսզի այնտեղ, համաձայն իր համոզմունքներին ու ծրագրերին, մնացած հարցերի թվում առաջադրե ու դաշնակիցների ուշադրությանը առաջարկե պատերազմի նպատակները ճշտորեն որոշելու անհրաժեշտության հարցը, նաև հաշտություն կնքելուն նպաստող միջոցների խնդիրը»:

«Եթե դուք ի նկատի ունենաք, թե գոյություն ունեցող իրավակարգը տապալելու փորձերը տեղի են ունենում Հիմնադիր Ժողովի գումարումից ընդամենը երեք շաբաթ առաջ, դուք կհասկանաք, թե ինչպիսի իսկական նպատակներով են առաջնորդվում ժողովրդի և ռուսական ազատության ստոր թշնամիները»:

«Եվ այդպես, այդօրինակ բացարձակ նախապատրաստական գործողություններից ու պրոպագանդայից հետո այն կուսակցությունը, որ իրան անվանում է մեծամասնական, ձեռնարկեց ապստամբությունը գործադրելուն: Երեք օր առաջ միայն Պետրոգրադի բոլոր զորամասերին հրաման ուղարկվեց՝ չկատարել հրամանատարների և զինվորական իշխանության կարգադրությունները, եթե դրանք վավերացված չեն լինի Պետրոգրադի հեղափոխական շտաբի կոմիսարներից: Այդ արվեց այն ժամանակ, երբ Պետրոգրադի զորաբանակի մեջ գոյություն ունեին Ժամ. Կառավարության կոմիսարները՝ նշանակված կենտրոնական կոմիտեի համաձայնությամբ: Զինվորական իշխանությունը հեղափոխական շտաբի այդ քայլը համարեց հանցավոր, ուստի պահանջեց ամենակարճ ժամանակամիջոցում հրաժարվել այդ կարգադրությունից ու ճանաչել, որ ոչ ոք չէ կարող կարգադրել զորքերին, բացի Ժամ. Կառավարության հատուկ օրենսդրական կոմիսարները, որոնք նշանակված են զորքերի մեջ առանձին զորապետերի գործողությունների վրա վերահսկելու համար»:

«…Մեզ հայտնեցին միմիայն գիշերվա ժ. 3-ին, թե զինվորական իշխանության առաջադրված բոլոր կետերը ընդունում են: Այսպիսով, գիշերվա ժամը 3-ին ապստամբության կազմակերպողները ստիպված էին ձևականորեն հայտնել, թե իրանք կատարեցին անարդար քայլ, որից հրաժարվում են: Սակայն ես համոզվեցի, որ մեծամասնականների խմբակը ժամանակ էր վաստակում ու գիտակցաբար խաբում է: Ներկայումս զորանոցներում փամփուշտ ու զենք է բաժանվում, և երկու վաշտ էլ կանչվեցին այդ հեղափոխական շտաբին օգնության: Այսպիսով, ես պետք է հաստատեմ Ժամ. Խորհրդի առաջ Պետրոգրադի ազգաբնակության մի մասի պարզ, լիակատար ու որոշակի ապստամբական դիրքը»:

«Այդ տեսակետից ես առաջարկել եմ իսկույն սկսել դատաքննություն, առաջարկել եմ կատարել համապատասխան ձերբակալություններ, ու բացի դրանից… — լսեցեք — երբ պետությունը դավաճանական ուժերից՝ գիտակից, թե անգիտակից՝ կորչում է ու հասել է անդունդի եզրին, Ժամ. Կառավարությունը, մանավանդ ես, գերադասում ենք սպանվել, ոչնչանալ, քան թե պետության կյանքը, պատիվն ու անկախությունը վաճառել: Ժամանակավոր Կառավարությանը կարող են կշտամբել թուլության, վերին աստիճանի համբերության մեջ, բայց ոչ ոք չի կարող ասել, թե Ժամ. Կառավարությունը որևէ ճնշիչ միջոցի դիմեց պետությանը անմիջական վտանգ սպառնալուց առաջ»:

«Ես պետք է ասեմ, որ զորաճակատի վերաբերմունքը դեպի թիկունքում և Պետրոգրադում կատարվող դեպքերը պարզ են ու որոշ: Զորքը պահանջում է քաղաքացիներից ամեն տեսակ զոհաբերություններ և հորդորում է բանվորներին ճնշել ամեն անկարգություն ամենայն վճռականությամբ»:

«Ներկայումս մայրաքաղաքում փորձ է լինում ոտքի հանելու խուժանը՝ երկրում գոյություն ունեցող կարգի դեմ, արգելք լինելու Հիմնադիր ժողովին և բանալու ռուսական զորաճակատը Վիլհելմի երկաթե բռունցքի խիտ զորագնդերի առաջ: Ես ասում եմ խուժանը, որովհետև ռուսաց դեմոկրատիայի պատիվը, խիղճն ու խելացիությունը բողոքում են դրա դեմ, շատ լավ հասկանալով, որ այդ քայլի օբյեկտիվ վտանգը կայանում է ոչ թե նրանում, որ զորաբանակի մի մասը կհափշտակե իշխանությունը, այլ նրա մեջ, որ այդ շարժումը ինչպես և հուլիս ամսում կարող է ազդանշան ծառայել գերմանացիների համար նոր հարված հասցնելու մեր սահմանների վրա, կարող է առաջ բերել նոր փորձ, ավելի լուրջ, քան գեներալ Կոռնիլովի փորձն էր»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives