Հառաջ, 26 փետրվարի, 1920թ., թիվ 42
Մեր սեփական թղթակից
Շուշի, 7 փետրվարի
Ութերորդ օրն է, որ Շուշի են հասել Նուրի փաշան, Խալիլ բեյը և մի քանի տաճիկ սպաներ: Նրանք բոլորովին ազատ պտտում են քաղաքում, պաշտոնական անձանց հետ և ինչ-որ պատրաստություններ են տեսնում:
Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը Ղարաբաղի նկատմամբ: Կարյագինի ուղղությամբ Զանգեզուրի սահմանակից շրջաններում շարունակվում է թուրք զորքերի կենտրոնացումը: Անընդհատ զորքեր են ուղարկվում նաև Զաբուղի շրջանը: Լուրեր կան, որ Ջիվանշիրի սահմանակից շրջաններում ևս զորքեր են տեղավորվում: Կարյագինի կողմից հայկական Խծաբերդ գյուղի դեմ ուղղված են պահվում թնդանոթներ և գնդացիրներ, հավանորեն այդ ուղղությամբ Զանգեզուրի և Ղարաբաղի միջև ամեն կապ կտրելու նպատակով:
Այս զորաշարժերը և տաճկական բարձրաստիճան սպաների ներկայությունը Ղարաբաղում ոչ մի կասկած չի թողնում, որ ինչ-որ մութ բան է ծրագրվում հայերի դեմ: Բոլոր նշաններից երևում է, որ տաճիկ-թաթարական դավադրություն է պատրաստվում ոչ միայն Ղարաբաղի, այլև ամբողջ Հայաստանի դեմ: Երևի տաճիկ շովինիստները քաղաքական վայրկյանը հարմար են համարում իրենց ցնորական ծրագրերն իրականացնելու համար:
Դոկտոր Սուլթանով անցյալ օրն իր մոտ էր կանչել Ազգային խորհրդի անդամներից մի քանիսին և պահանջել, որ իսկույն ևեթ հեռացնեն գավառից բոլոր «վնասակար մարդկանց» և «Երևանից ուղարկված էմիսարներին», որոնք, իբր թե, «ապստամբություն են նախապատրաստում»: Ապստամբության պրովոկացիան, երևի, անհրաժեշտ է Սուլթանովին իր հետագա անելիքներն արդարացնելու համար:
Սուլթանովը պահանջել է նույնպես, որ հայերը համաձայնվեն գավառի մի քանի տեղերում Ադրբեջանական զորք դնել, որպես թե տիրող անիշխանությունը վերացնելու նպատակով: Հայ ներկայացուցիչներից պահանջվել է նաև հեռագրել Երևան, որպեսզի Զանգեզուրում տեղի ունեցող դեպքերին վերջ դրվի: Ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք իրավասու չեն այդ պահանջներն իրագործելու և առաջարկել են հրավիրել Ղարաբաղի ազգային համագումար, Սուլթանովը համաձայնել է, սակայն այն պայմանով, որ համագումարը լինի քաղաքում, որպեսզի ինքը կարողանա ներկա գտնվել:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարվում են, և համագումարը կհավաքվի մինչև փետրվարի 26-ը:
Հակառակ եղած համաձայնության, Ադրբեջանի կառավարությունը մերժել է այլևս միջոցներ տալ հայկական դպրոցներին, որի հետևանքով հայկական դպրոցները փակվում են և մի քանի հազար երեխաներ փողոց են շպրտվում:
Առհասարակ, հուզված և անակնկալներով լի օրեր է ապրում Ղարաբաղը:
Շուշեցի