«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348)
«Վերջին լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանական ռազմական կազմավորումները, գրավելով Տավուշի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մոտ գտնվող կարեւոր նշանակության բարձունքը, ավելի հաճախակի էին դարձրել «Գրադ» կայանքներից, տարբեր տրամաչափի հրանոթներից եւ հրասայլերից շրջանի բոլոր գյուղերի հրթիռահրետակոծումը, որի հետեւանքով զգալի վնաս էր հասցվում բնակչությանը։ Ադրբեջանցիների հաճախակի դարձած ոտնձգությունները կանխելու համար հունվարի 13-ին ձեռնարկած գործողությունների հետեւանքով հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է հետ վերցնել բարձունքը»,– Ա.Մ.–ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ Ա. Դուլյանը։
Ըստ նրա, հայկական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչ միայն հետ վերցնել բարձունքը, այլեւ գրավել մեծ քանակությամբ տեխնիկա եւ զինամթերք։ Ադրբեջանական ռազմական կազմավորումները տվել են մի քանի տասնյակ զոհ։ Հայկական կողմից կա մեկ զոհ։ Ա.Մ.–ի Տավուշի թղթակիցը հայտնեց, որ թեժ մարտերում վիրավորվել են 2 հայ մարտիկներ, այդ թվում՝ շրջանի զինվորական պարետ, փոխգնդապետ Վազգեն Ղավազյանը։ Հունվարի 13-ի ժամը 19-ի տվյալներով շրջանի գյուղերի հրթիռահրետակոծումը շարունակվում էր։