Հայաստանի Հանրապետություն, 5 ապրիլի, 1991թ., շաբաթ
ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեին
ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը
ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությանը
Վերջին ժամանակներս կտրուկ սրվել է իրադրությունը հանրապետության՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում և ԼՂԻՄ-ում։ Ադրբեջանի տարածքից չեն դադարում Հայաստանի բնակավայրերի գնդակոծումները, հարձակումները ներքգործնախարարության, խորհրդային բանակի ստորաբաժանումների պահակակետերի վրա, շարունակվում են վայրագությունները խաղաղ բնակչության դեմ, որոնք ուղեկցվում են սպանություններով, կողոպուտով, գյուղատնտեսական շինությունների ավերմամբ։ Միայն ընթացիկ տարվա սկզբից արձանագրվել է 59 նման դեպք, ընդորում, դրանց ինտենսիվությունն ու լկտիությունը ուժեղանում են։
Ստացվող տվյալները վկայում են, որ Հայաստանին սահմանակից Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար հանրապետության շրջաններում կուտակվում են ադրբեջանցի զինված գրոհայիններ, հաճախ՝ միլիցիայի համազգեստով, որոնց շարժուն ջոկատները մանևրում են Հայաստանի սահմանով, կատարելով ելուզակային հարձակումներ։
Երկու հանրապետությունների սահմանում իրադրությունը կայունացնելու նպատակով Հայաստանի ՊԱԿ-ը և ներքգործնախարարությունը կանոնավորապես հանդիպումներ են կազմակերպում Ադրբեջանի համապատասխան իրավապահ մարմինների հետ։ Սակայն, ինչպես ցույց են տալիս փաստերը, այդ հանդիպումների ընթացքում դրական համաձայնությունների ձեռքբերումից հետո հաճախ Ադրբեջանի ծայրահեղական ուժերը նպատակամետ կերպով սրում են իրավիճակը երկու հանրապետությունների սահմանում։ Այս կապակցությամբ տարակուսանք են հարուցում Ադրբեջանի ղեկավարության մշտական հավաստիացումները այդ հանրապետությունում գրոհայինների բացակայության վերաբերյալ։
Առանձակի տագնապ է հարուցում այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքի գնդակոծումների մեջ ավելի ու ավելի հաճախ են ներքաշվում զորային ստորաբաժանումները, որոնք արտակարգ դրության ռեժիմ են ապահովում Ադրբեջանի սահմանամերձ հինգկիլոմետրանոց գոտում։ Տարեսկզբից արձանագրվել է նման 20 դեպք։ Հայաստանի ՊԱԿ-ը և ներքգործնախարարությունը բազմիցս Անդրկովկասյան զինվորական օկրուգի, ԽՍՀՄ ներքգործնախարարության հրամանատարության ատյանների ուշադրությունը բևեռել են այն փաստի վրա, որ Հայաստանի վրա ելուզակային հարձակումներ կատարելուց բացի, Ադրբեջանի գրոհայինները նպատակ ունեն զորային ստորաբաժանումները ներքաշել հայ բնակչության հետ զինված ընդհարման մեջ։
Այդ նպատակով նրանք լայնորեն կիրառում են Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված զորային պահակակետերի սադրիչ գնդակոծումներ՝ «պատասխան» կրակ առաջացնելով արդեն Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։ Վերջին օրերի դեպքերը ցույց են տալիս, որ ադրբեջանցի գրոհայինները զորային ստորաբաժանումներն օգտագործում են նաև հակաիրավական գործողությունների քողարկման համար։
Այսպես, ապրիլի 1-ին Ղազախի շրջանի Քյամառլու գյուղի կողմից երկու անգամ ինտենսիվորեն գնդակոծվել է Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղը։ Երբ պատահարի վայր են եկել Նոյեմբերյանի ներքին գործերի շրջբաժնի և ՊԱԿ-ի շրջանային բաժնի մի խումբ աշխատակիցներ, գրոհայինները թաքնվել են, իսկ նրանց տեղում հայտնվել է երկու զրահամեքենա և նշանառու կրակով գնդակոծել Բերդավան գյուղի թռչնաֆերման ու միլիցիայի ավտոբուսը։ Վիրավորվել է միլիցիայի մեկ աշխատակից։
Առկա տվյալների համաձայն, Ադրբեջանի արտակարգ դրության գոտում ծառայող զորային ստորաբաժանումները կիսով չափ բաղկացած են ադրբեջանական ազգության անձանցից, իսկ Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի շրջանի Մալիբեյլի գյուղում տեղաբաշխված հետախուզական գումարտակը գրեթե 80 տոկոսով բաղկացած է ադրբեջանցիներից, որը, մեր կարծիքով, անթույլատրելի է ազգամիջյան կոնֆլիկտի պայմաններում։ Տվյալ պարագան նույնպես նպաստում է Հայաստանի տարածքի գնդակոծումներում զորային ստորաբաժանումների ներքաշմանը։
Ադրբեջանի որոշակի ուժերի կողմից կատարվող լայնընդգրկուն հակահայկական վերոհիշյալ ձեռնարկումների, երկու հանրապետությունների սահմանում սթ. ապրիլի սկզբներին իրադրության լարվածության սպասվող սրման մասին Հայաստանի ՊԱԿ-ը և ներքգործնախարարությունը նախօրոք տեղեկացրել էին միութենական ատյաններին։ Ցավոք, իրադրության բարդացման նոր փուլի կանխման նպատակով որևէ իրական քայլ չձեռնարկվեց։ Ավելին, երկու հանրապետությունների սահմանում իրավիճակի սրումը ուղեկցվում է ԼՂԻՄ-ի, Ադրբեջանի Խանլարի և Շահումյանի շրջանների հայ բնակչության նկատմամբ բռնության հետագա աճով։
Ադրբեջանցի գրոհայինների ձեռքով, որոնք հայտարարված են Ադրբեջանի ներքգործնախարարության հատուկ ջոկատայիններ և մարզում գործում են ԽՍՀՄ ներքգործնախարարության գիտությամբ, զոհվում են միանգամայն անմեղ հայ քաղաքացիներ, ըստ որում, սպանություններն ուղեկցվում են զոհերի ծաղրուծանակով և հարաճուն դաժանությամբ։ Այսպես, սթ. մարտի լույս 30-ի գիշերը Շահումյանի հայկական Բորիս գյուղի վրա կատարված հարձակման ժամանակ առևանգվել են ֆերմայի աշխատողներ՝ 57-ամյա Յա. Օսիպյանը և 63-ամյա Ա. Առուշանյանը։ Դաժան տանջանքներից հետո կտրել են նրանց ականջները, իսկ հետո գլուխները։
Պաշարողական վիճակում են մնում Ադրբեջանի Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն հայկական գյուղերի բնակիչները։ Հատուկ ջոկատայինների ելուզակախմբերի կողմից շրջապատված այդ գյուղերը տասը օր շարունակ գնդակոծվում են, այդ թվում նաև հրետակայանքներից։
Օրհասական վիճակ է ստեղծվել Ստեփանակերտի օդանավակայանում, որտեղ անարգել գործում են հատուկ ջոկատայինները։ Օդանավակայան ժամանող ուղևորները նրանց կողմից ենթարկվում են նվաստացումների, վիրավորանքների։ Ուղևորների համատարած խուզարկումների ընթացքում հատուկ ջոկատայինները բացահայտ կողոպուտ են իրականացնում, վերցնելով այն ամենը, ինչը իրենց դուր է գալիս։ Ընդսմին, տուժած ուղևորների գանգատներին չի արձագանքում ԼՂԻՄ-ի արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությունը, որը փաստորեն հեռացված է իր պարտականությունների կատարումից։
Ադրբեջանցի գրոհայինների սադրիչ գործողությունները ձախողում են Ադրբեջանի սահմանում իրադրությունը կայունացնելու նպատակով Հայաստանի կառավարության և խորհրդարանի ձեռնարկած միջոցները։ Դրա հետևանքով իրավիճակը սահմանամերձ գոտում սրվել է մինչև այն աստիճան, որից հետո կարող են ողբերգական դեպքեր սկսվել։
Հայաստանի ՊԱԿ-ը և ներքգործնախարարությունը վճռական բողոք են հայտնում և ԽՍՀՄ ՊԱԿ-ից, ներքգործնախարարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջում են ներգործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի սահմանում գործող ադրբեջանական զինված կազմավորումների հակաօրինական ձեռնարկումները կասեցնելու, Հայաստանի դեմ ուղղված սադրանքներում խորհրդային բանակի և ներքին զորքերի ստորաբաժանումների ներքաշում թույլ չտալու, այդ զորամասերը ադրբեջանցի զինակոչիկներով չհամալրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իսկական անվտանգությունը, օրինական շահերը ապահովելու նպատակով, ԼՂԻՄ-ից դուրս բերել Ադրբեջանի ներքգործնախարարության հատուկ ջոկատայինների ստորաբաժանումները։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ Պետանվտանգության կոմիտե