«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
Աբխազիայի խորհրդարանի վրացի պատգամավորները միաձայն որոշմամբ չեղյալ են հայտարարել աբխազ ազգության իրենց գործընկերների որոշումը Աբխազական Հանրապետության 1925թ. Սահմանադրությունը գործող համարելու վերաբերյալ, որն ընդունել էր խորհրդարանը հուլիսի 23-ին կայացած նստաշրջանում։
Ինչպես լրագրողներին հաղորդել է աբխազական խորհրդարանի փոխնախագահ Թամազ Նադարեիշվիլին, դա կատարվել է չորեքշաբթի օրը, «Ժողովրդական Աբխազիա» խորհրդարանական խմբակցության՝ Սուխումում կայացած նիստում։ Նիստին մասնակցել են 28 պատգամավորներ, որոնց թվում՝ 24 վրացի, երկու հայ, մեկ ուկրաինացի եւ մեկ կաբարդինացի։
Նադարեիշվիլու խոսքերով, խմբակցությունը որոշել է «իր ժողովը հայտարարել խորհրդարանի հերթական նիստ», քանի որ «Ժողովրդական Աբխազիան», նրա անդամների կարծիքով, ««արտահայտում է Աբխազիայի բնակչության մեծամասնության կարծիքը»։ Փոխխոսնակն ընդգծել է, որ աբխազ պատգամավորների քվեարկության ժամանակ գործող Սահմանադրության կանոնակարգի խախտում է կատարվել։ Նրա համոզմամբ, այդպիսի որոշում ընդունելու համար «պետք է քվեարկեր խորհրդարանի կազմի 2/3-ը, այլ ոչ թե պարզ մեծամասնությունը»։ Այդ իսկ պատճառով խմբակցությունը հայտարարել է, որ մինչեւ նոր Սահմանադրություն ընդունելը, Աբխազիայի տարածքում, ինչպես եւ առաշ, «օրինական է ինքնավար հանրապետության 1978թ. Սահմանադրությունը։