-Պարոն վարչապետ, ե՞րբ տեղեկացաք այս որոշման3 մասին:
-Երեկ առավոտյան հանրապետություն ժամանեցին երեք ընկերներ, մեկը ֆինանսների նախարարությունից էր, մյուսը բանկի ներկայացուցիչ էր, երրորդը՝ ՊԱԿ-ի: Նրանք հայտնեցին, որ երեկոյան «Ժամանակ» ծրագրով հայտարարություն է լինելու, սակայն իրենք էլ տեղյակ չեն, թե ինչի համար են գործուղվել Հայաստան: Մենք կապվեցինք մյուս հանրապետությունների հետ, տեղեկացանք, որ ամեն տեղ նույն վիճակն է: Երեկոյան ժամը 9-ին ստացա կառավարական հեռագիր, որում կցկտուր ասված էր նոր որոշման, նոր փոփոխությունների մասին: Մանրամասնությունները, ինչպես մեր մյուս քաղաքացիները, ես և կառավարության անդամները տեղեկացանք «Ժամանակ» ծրագրից: Դա արդեն անընդունելի է. և ևս մեկ անգամ ընդգծում է մեր կախվածությունը, մեր անկախ չլինելը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը, այն կիրարկվելու՞ է մեր հանրապետությունում, թե՞ ոչ:
– Իմ վերաբերմունքը խիստ բացասական է: Մի կողմ թողնենք որոշման մեջ եղած անբարոյականությունը, մի կողմ թողնենք, որ իրավական պետությունը այսպիսի որոշումներ ընդունելու իրավունք չունի, դա բնորոշ է միայն տոտալիտար սոցիալիստական երկրին և ևս մի անգամ ապացուցում է, որ երկիրն այդպիսին էլ մնացել է: Որոշումն անընդունելի է նաև տնտեսական առումով: Նախ այն անվստահություն է առաջացնում ժողովրդի մեջ իշխանությունների նկատմամբ, անվստահություն՝ խորհրդային դրամի նկատմամբ, անվստահություն՝ հետագա ծրագրերի նկատմամբ: Եվ այդ հարվածը, այդ մինուսը շատ ավելի մեծ է, քան այն փոքր արդյունքները, որոնք սպասվում են. մի քանի միլիարդ, մի քանի տասնյակ միլիարդ ռուբլի կարող են շահել այդ գործողության ընթացքում:
Երկրորդ՝ որոշումը լավ կազմակերպված և մշակված չէ: Ես համոզված եմ, որ շատ փոքր արդյունքների կհասնեն, որովհետև մարդիկ, իրար օգնելով, կաշխատեն այս կամ այն ձևով շրջանցել որոշումը և իրենց ձեռքի, իրենց տրամադրության տակ եղած դրամները այս կամ այն կերպ իրացնել:
Մեր հանրապետության համար սա մեծ հարված է, որովհետև մենք ունենք ծրագրեր մեր ունեցվածքի ապապետականացման մասին: Կա դրամ, որը մեծ քանակությամբ կուտակված է անմաքուր ձեռքերում: Մենք ցանկանում էինք, ունեցվածքը վաճառելով, այդ գումարի մի մասը ստանալ և բաշխել սոցիալական վատ վիճակում գտնվող շերտերին: Մեր ժողովրդին վերադարձնել և օգտագործել մեր տնտեսության զարգացումը խթանելու համար: Փաստորեն, այս որոշմամբ ուզում են քար գցել մեր ծրագրերի վրա: Այս տեսակետից էլ մեզ համար այն ընդունելի չէ:
Կկիրարկվի օրենքը, թե ոչ. պետք է ասեմ, որ մեծ բարդություններ կան: Կենտրոնն ունի երկու հզոր ուժ՝ բանակը և բանկային համակարգը: Եվ դժվար է պայքարել բանկային համակարգի դեմ, որովհետև դեռևս մեզ վրա ազդելու շատ մեծ լծակներ կան: Այդ պատճառով հիմա սկսում ենք կիրառել այդ օրենքը, բայց միևնույն ժամանակ կապվում ենք մյուս հանրապետությունների հետ: Ըստ առավոտյան ստացած տեղեկությունների, բոլոր հանրապետություններում դեռ խուճապ է, դեռ հստակ կողմնորոշում չկա: Ես համոզված եմ, որ այս նեղ պայմաններում ժողովուրդը կհամախմբվի, և մեծ կորուստներ չեն լինի: Տեղական մարմիններին համապատասխան կարգադրություններ են ուղարկվել մինչև նոր որոշում ընդունելը:
-Պարոն վարչապետ, այս որոշումը մեր ժողովրդին դրական որևէ բան կարո՞ղ է տալ:
-Չեմ կարծում, բացի այն հանգամանքից, որ Արցախի մեր հայրենակիցները մի քանի օր հանգիստ կշնչեն, որովհետև ադրբեջանցիները զբաղված կլինեն իրենց փողերով:
Վարչապետ Վ. Մանուկյանի հեռուստահարցազրույցը, 1991թ. հունվարի 23
«Հայաստանի Հանրապետություն», 24 հունվարի
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.