«Երկիր», 21 սեպտեմբերի, 1993թ., թիվ 179 (520)
Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի ներքին գործոց նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում հասարակական-քաղաքական եւ օպերատիվ բարդ իրադրությանը եւ հոկտեմբերի 3-ին կայանայիք նախագահական ընտրություններին։ Խորհրդակցությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիեւը, պետքարտուդար Լ. Հաջիեւան, ՆԳ նախարար Վ. Նովրազովը, գլխավոր դատախազ Ա. Օմարովը եւ պատասխանատու այլ անձինք։
Ինչպես հայտարարել է հանրապետության ոստիկանական գերատեսչության ղեկավար Վ. Նովրուզովը, ժողովրդական ճակատի կառավարման օրոք դրսեւորված չմտածված ազգային քաղաքականության, գործի նկատմամբ ոչ արհեստավարժ վերաբերմունքի հետեւանքով հանցագործությունը հանրապետությունում հսկայական չափերի է հասել եւ վատթարացել է օպերատիվ իրավիճակը։ Ի հաստատումն իր խոսքերի, Վ. Նովրազովը հայտնել է, որ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում սպանությունների 12 տոկոսը տեղի է ունեցել հրազենի, իսկ 16 տոկոսը՝ սառը զենքի կիրառմամբ։ Սպանությունների եւ կողոպուտների կեսը չի բացահայտվում։ Նախարարը նաեւ նշել է, որ փոխվում է հանցագործության բնույթը, որն ավելի ու ավելի կազմակերպված է դառնում։
ՆԳ նախարարն ասել է, թե ստեղծված իրավիճակի համար հատուկ պատասխանատվություն է կրում ՆԳՆ աշխատակազմը, որում վերջին ժամանակներս պաշտոնանկ է արվել տարբեր վարչությունների 8 պետ։ Նովրուզովի կարծիքով, ստեղծված դրության օբյեկտիվ պատճառը նախկին նախարար Ի. Համիդովի ոչ արհեստավարժ վերաբերմանքն էր իր պարտականություններին։ Նա ընդգծել է, որ ժամանակին ոստիկանական գերատեսչության զարգացման նպատակով հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 1,5 մլն դոլարի հատկացումը իր նպատակին չի ծառայել։
Դիմելով նախագահի պաշտոնակատար Հ. Ալիեւին, Վ. Նուվրուզովը նշել է, որ այս տարի ՆԳ նախարարությանը հանրապետական բյուջեից հատկացվել է 22 մլրդ ռուբլի, որը նախարարության պահանջմունքները չի բավարարի նույնիսկ 50 տոկոսով։ Նա Հ. Ալիեւին խնդրել է նպաստել, որպեսզի ՆԳ նախարարությանը լրացուցիչ հատկացվի 1 մլրդ ռուբլի։
Ելույթ ունենալով ՆԳ նախարարության սպայական կազմի առջեւ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիեւն ընդգծել է, որ հանրապետության նախկին ղեկավարների անփույթ վերաբերմունքի պատճառով ոստիկանության աշխատանքում նշմարվում են բացասական միտումներ։ Մասնավորապես, իրավապահ մարմինները ներգրավվել են քաղաքական գործընթացներում, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական պետություններում։ Ավելին, նախկին նախարար Ի. Համիդովը, դառնալով «Բոզ գուրդ» թուրքական կուսակցության ադրբեջանական բաժանմունքի ղեկավար, այդ շարժմանը մասնակից դարձրեց ՆԳՆ մի շարք աշխատակիցների։
«Հանրապետության ղեկավարությունը ձեզանից ավելի ակտիվ աշխատանք է ակնկալում հանցագործության եւ Ադրբեջանի մի շարք շրջաններում կազմակերպված առանձին ավազակային կազմավորումների դեմ պայքարում։ Հանրապետության քաղաքացիները ի դեմս ոստիկանության ցանկանում են տեսնել ժողովրդավարության պաշտպանությունը, որը ենթադրում է ոչ թե անիշխանություն, քաոս եւ ինքնադատաստան, այլ բարձր կուլտուրա, կարգապահություն, քաղաքացիական համերաշխություն եւ քաղաքացիների ու պետության փոխադարձ հարգանք»,–դիմելով ՆԳՆ աշխատակիցներին, ասել է Հ. Ալիևը:
«Հայլուր»-«Խաբար-սերվիս»