«Երկիր», 15 հունիսի, 1993թ., երեքշաբթի
Երեկ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի նոր պաշտոնակատար Կ. Բաբուրյանը նամակ է հղել ԵԱՀԽ Մինսկի խմբի ղեկավար Մ. Ռաֆայելիին: Ուղերձում աասված է. «Նախ և առաջ կցանկանայի մեկ անգամ ևս հավաստել ԼՂՀ ղեկավարության խաղաղության ձգտումը և հավանությունը միջազգային ընկերակցության խաղաղարար նախաձեռնությանը: Հաշվի առնելով 9 երկրների նախաձեռնության առնչությամբ ԼՂՀ-ում սրված իրավիճակը, ինչպես նաև դրանով թելադրված իշխանության փոփոխումը հանրապետությունում, որի հետևանքով մի քանի ստորաբաժանումներ դուրս են եկել վերահսկողությունից, առաջարկում եմ միջոցառումների ժամանակացույցի ժամկետները երկարաձգել մեկ ամսով: Այս երկարաձգումը մեզ հնարավորություն կտա կայունացնել իրավիճակը և ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը: Դրա հետ մեկտեղ, մտահոգության տեղիք է տալիս խիստ պայթյունավտանգ իրադրությունը, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Նկատի առնելով, որ ԼՂՀ-ին հարակից Ադրբեջանի շրջանները վերսկսվում են զինված ընդդիմության կողմից, որը մարտական գործողություններ է վարում կառավարական զորքերի դեմ, խնդրում եմ ԵԱՀԽ-ի հավաստումը, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է և ի զորու է ապահովել Մինսկի խմբի 9 երկրների նախաձեռնության իրականացման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունների կատարումը: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք երկար սպասված խաղաղության»: