November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են»

«Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)

Օգոստոսի 6-ին Գորիսի պետական դրամատիկական թատրոնում կայացավ հանդիպում Գորիսի արտակարգ դրության պարետ Պարույր Հայրիկյանի հետ։ Հանդիպումը, որին մասնակցում էին շուրջ 700 գորիսեցիներ, նախաձեռնել էին Գորիսի քաղաքային եւ շրջանային իշխանությունները։ Պ. Հայրիկյանը նշեց, որ Գորիսի քաղաքային եւ շրջանային իշխանությունների ղեկավարների հետ նախապես կայացած իր հանդիպումներն ու առայժմ կարճ աշխատանքային շփումները թույլ են տալիս ասելու, որ Գորիսում իր պարետության երկու ամիսները կանցնեն փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ համաձայնության մթնոլորտում։ Նա անդրադարձավ վերջին օրերին Զաբուղի հյուսիս-արեւմտյան ինքնապաշտպանության ջոկատների մարտիկների հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասներին։

Նշվեց, որ իր կողմից ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրած բազմաթիվ ահազանգերը ապարդյուն են եղել։ Լավագույն դեպքում ստացվել է պատասխան, թե սահմաններում ամեն ինչ ապահով է, «անհանգստության հարկ չկա»։ Սահմաններում նման բարձիթողի վիճակի ստեղծման համար Պ. Հայրիկյանը մեղավոր ճանաչեց ՀՀ կառավարությանը, որը ժամանակին ազգային բանակի ստեղծման մասին պնդումները ընդունում էր իբրեւ պատերազմի կոչ։ «Այսօր Հայաստանը պատերազմի մեջ է, իսկ մենք խաղաղություն ենք մուրում»,– ասաց Պ. Հայրիկյանը։ Նա զուգահեռներ անցկացրեց Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի կողմից հայերին ծնկի բերելու վերաբերյալ վերջերս արված ամբարտավան հայտարարությունների եւ Հայաստանի կառավարության կողմից տարվող «խաղաղասիրական» քաղաքականության հետեւանքների միջեւ։ «Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում ենք»,– ավելացրեց Պ. Հայրիկյանը։

Ներկաների հարցերին պատասխանելուց առաջ, նա հանդես եկավ հայտարարությամբ, ուր պետական պաշտպանական կառույցների անկատարելությունից ելնելով, դրվում է կամավորական սկզբունքով գորիսցի ռեզերվային աշխարհազորայիններով զինվորագրման հարց։ Նոր ստեղծվելիք կառույցը պայմանականորեն անվանվեց Սյունիքի աշխարհազոր։

Պատասխանելով հարցերին, Պ. Հայրիկյանը նշեց, որ Գորիսում իր պարետ նշանակվելը իր իսկ նախաձեռնության արդյունքն է։ Նա ասաց նաեւ, որ Հայաստանի սահմանների եւ Գորիս-Լաչին-Ստեփանակերտ մարդասիրական միջանցքի թույլ պաշտպանվածության, Հայաստանի եւ Արցախի բնակիչների անվտանգության ապահովման բացակայության մեջ մեղքի առյուծի բաժինը հասնում է ՀՀ պաշտպանության նախարարին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives