«Հայաստանի Հանրապետություն», 1 սեպտեմբերի, 1993թ., թիվ 173(777), չորեքշաբթի
Ադրբեջանական զինյալ կազմավորումները զրահատեխնիկայի և ՄԻ-24 տիպի երեք ուղղաթիռների աջակցությամբ, Կուբաթլիի կողմից օգոստոսի 30-ին հերթական գրոհն են ձեռնարկել Լաչինի միջանցքի հարավային գոտու, ինչպես նաև ԼՂՀ-ի Հադրութի շրջանի հարավ-արևմտյան սահմանի ուղղությամբ: Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբից, ադրբեջանական կողմի հետ հեռախոսազրույցների ընթացքում պարզվել է, որ կազմավորումները չեն վերահսկվում Ադրբեջանի կենտրոնական ռազմական ղեկավարության կողմից:
Անցնելով հակահարձակման՝ ղարաբաղյան ջոկատները օրվա երկրորդ կեսին ետ են մղել ադրբեջանցիներին ռազմավարական մի շարք դիրքերից ու հրետանային կրակով լռեցրել Կուբաթլուի հրթիռային ու հրետանային առավել ակտիվ կետերը: Երկու կողմերն էլ կրել են կորուստներ: Օգոստոսի 31-ի տվյալներով իրադրությունը ղարաբաղյան ռազմաճակատներում էական փոփոխություններ չէ կրել:
Արմենպրես