«Երկիր», 8 օգոստոսի, 1992, 151 (240)
Երեւան եւ Մոսկվա կատարած իր այցելություններից հետո Ստեփանակերտ վերադարձած ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահ Օ. Եսայանը անց է կացրել մամլո ասուլիս, որտեղ նշել է, որ պաշտոնական այցելությունները Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի մայրաքաղաքներ հիմնականում ունեին մի շարք տնտեսական հարցերի լուծման ուղիների որոնման նպատակ։
Մոսկվայում ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել մոսկվաբնակ հայ գիտական եւ գործարար շրջանների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ԼՂՀ տնտեսական կացության եւ այն մտավոր ու տնտեսական օգնության հարցերը, որոնց ուղղությամբ նպաստ կարող են բերել մոսկվաբնակ հայերը։ Հայ գիտնականների հետ քննարկվել է հանրապետությունը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ծրագիր։ Ղարաբաղի վարչապետը ծանոթացել է ժամանակակից շուկայական եւ տնտեսական հարաբերությունների համակարգին։ Գործարար շրջանների հետ ձեռք են բերվել տնտեսական հարաբերությունների կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք գործադրելու համար Մոսկվա են մեկնելու Նախարարների խորհրդի բարձրաստիճան ղեկավարներ եւ մասնագետներ։
Ինչ վերաբերվում է Երեւանին, ապա այստեղ Հայաստանի պետության ղեկավարների հետ քննարկվել են տնտեսական կառավարման նոր լծակների, երկու հանրապետությունների տնտեսական փոխհարաբերությունների եւ այլ հարցեր: Հատկապես մեծ ուշադրության է հատկացվել ԼՂՀ-ում գյուղատնտեսական աշխատանքների եւ ձմռանը նախապատրաստվելու հարցերում Հայաստանի անելիքներին, ինչպես նաեւ վառելիքի եւ առաջին անհրաժեշտության սննդամթերքների առաքման եւ ուղարկվող հումանիտար օգնությունների կարգավորի խնդիրներին։
Օ. Եսայանը հանդիպած է ունեցել Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ։
Մամլո ասուլիսի ընթացքում ԼՂՀ վարչապետը իր գոհունակությունն է հայտնել այցելության ժամանակ կատարած աշխատանքներին: