«Հայաստանի Հանրապետություն», 2 սեպտեմբերի, 1993թ., թիվ 174(778), հինգշաբթի
1993թ. օգոստոսի 31-ին, ժամը 17:00-ին Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև կնքվել է համաձայնագիր՝ կրակի դադարեցման մասին և ձեռք բերվել համաձայնություն մինչև սեպտեմբերի 10-ը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին:
Նշված համաձայնագիրը կնքվել է այնպիսի իրադրությունում, երբ ԼՂՀ զինված ուժերը դիմադրելով ադրբեջանական բանակի Կուբաթլիի խմբավորումների փորձերը՝ հարվածներ հասցնելու Հադրութի շրջանում, գործողություններ էին իրականացնում հակառակորդի ռազմական դիրքերը ոչնչացնելու ուղղությամբ:
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումի, և լիովին կիսելով նրա մտահոգությունն ու գնահատականները, ընդունելով սկսված երկխոսության իրական հեռանկարը, որը կարող է և պետք է նպաստի խաղաղարար գործընթացին, ԼՂՀ-ի ղեկավարությունը իր զինված ուժերը Խոջիկ Խանլիկ-Չերելի գծից անհապաղ հետ քաշելու և նախկինում զբաղեցրած դիրքերը վերադառնալու հրաման է արձակել:
Կուբաթլուի շրջանի ավելի քան 30 բնակավայրերից, այդ թվում նաև շրջկենտրոնից զորքերի դուրսբերմամբ բարի կամք դրսևորելով և մտադրվելով խստիվ պահպանել կնքված համաձայնագիրը, ԼՂՀ-ի ղեկավարությունը իր հերթին կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը բացառելու այն գործողությունները, որոնք կարող են ձախողել նկատվող դրական գործընթացը:
1 սեպտեմբեր, 1993թ., ք. Ստեփանակերտ