«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)
Չնայած, երկու կարևոր բարձունքների գրավումով Լաչինի միջանցքում հաստատվել էր որոշակի ռազմական հավասարակշռություն, այնուհանդերձ, ադրբեջանական բանակը շարունակում է ճնշում գործադրել այստեղ դիրքավորված ԼՂՀ պաշտպանության ուժերի վրա: Հոկտեմբերի լույս 6-ի գիշերը և երեկ Կուբաթլիի և Քելբաջարի շրջանների տարածքից հրետակոծվել են մարդասիրական միջանցքը հսկող հայկական դիրքերը: Որոշ տեղերում ընթանում էին դիրքային մարտեր: Այս ռազմաճակատում տեղի ունեցած իրադարձությունների մասին այլ մանրամասներ չեն հայտնվում: Հոկտեմբերի 6-ի երեկոյան մարդասիրական միջանցքը շարունակում էր մնալ հայերի հսկողության տակ: Գորիս-Լաչին ճանապարհով Ստեփանակերտ են հասցվում տնտեսական բեռներ:
ԼՂՀ մյուս ռազմաճակատներում առանձին փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Մարտակերտի և Ասկերանի սահմանամերձ գոտիներում ընթանում են դիրքային մարտեր: Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել են Ասկերանի պաշտպանական դիրքերը:
Հոկտեմբերի 6-ի երեկոյան, Ադրբեջանի Հանրապետության տարածքից հրթիռա-հրետակոծվել են Մարտունու շրջանի Կուրապատիկինոյի , Ամիրանլարի և Մուղանլուի ԼՂՀ պաշտպանական ուժերի դիրքերը: Բարեբախտաբար ազատամարտիկներ չեն տուժել:
Հադրութի շրջանում համեմատաբար հանգիստ է: