«Երկիր», 1993թ., 12 մարտի, 45 (386)
Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը «Ղարաբաղը բավարարված է Հռոմի հանդիպմամբ» խորագրով վերջերս «Սնարք» գործակալության տարածած ինֆորմացիայի առթիվ «Նոյյան տապանի» թղթակցին հայտարարել է, որ «ԼՂՀ ղեկավարությունը դեռեւս չի արտահայտել իր գնահատականը Հռոմում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունների առթիվ»։ Մանվել Սարգսյանը նշել է, որ այդ համաձայնագրի շատ կետեր առաջ են բերել Ղարաբաղի հասարակայնության լուրջ մտահոգությունը։
Բացի այդ, ըստ Սարգսյանի, ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի լրատվական գործակալությունները, մասնավորապես՝ «Սնարքը», ձգտում են իրենց սեփական գնահատականներն ու ցանկություններն ընթերցողներին պարտադրել ԼՂՀ ղեկավարության անունից՝ օգտվելով Ղարաբաղի պաշտոնական անձանց մասնավոր կարծիքներից։ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ ԼՂՀ ղեկավարության պաշտոնական կարծիքը քաղաքական հարցերի վերաբերյալ արտահայտում են միայն հանրապետության լիազոր անձինք։